211652_close_icon
views-count3065 դիտում article-date 16:33 10-01-2019

Քաշաթաղի հարավային թևում նոր խոշոր ներդրումային ծրագիր կիրականացվի. Արայիկ Հարությունյան

Արցախի առաջատար՝ «Ազատ հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանը իր ֆեյսբուքյան էջում հանդես է եկել ուշագրավ գրառմամբ, որտեղ մասնավորապես նշել է, որ Քաշաթաղի շրջանի հարավային թևում նոր խոշոր ներդրումային ծրագիր կիրականացվի: Գրառումը հղմամբ՝ ստորև «Սիրելի՛ հայրենակիցներ Այս տարի Քաշաթաղի շրջանի հարավային թևի՝ վերջին տարիներին մեր ամենածաղկող համայնքներից մեկում՝ Իշխանաձորում, ծխախոտի մթերման համար չորանոցներ կկառուցվեն: Մի քանի միլիոն ԱՄՆ դոլարի հասնող ներդրումային այս ծրագրի շուրջ համաձայնությունն օրեր առաջ ձեռք ենք բերել «Գրանդ հոլդինգ» ընկերության սեփականատեր Միքայել Վարդանյանի հետ կայացած հանդիպման ընթացքում: Կարծում եմ՝ Քաշաթաղի հարավային թևում, որտեղ առկա են մեծաքանակ բերրի հողատարածքներ, ոռոգման ջուր և բարենպաստ կլիմայական պայմաններ, ծխախոտագործությունը մեծ հեռանկարներ ունի: Իսկ տարեցտարի բնակչության բնական և մեխանիկական աճ գրանցող համայնքի համար բնական է, որ նոր աշխատատեղերի, լրացուցիչ եկամուտներ ապահովող հնարավորությունների ստեղծման անհրաժեշտությունը շատ մեծ է: Ի դեպ, արևադարձային տարբեր կուլտուրաների աճեցման հաջող փորձ ունեցող իշխանաձորցիների և տարածաշրջանի բնակչության համար մշակաբույսը նոր է, բայց, համոզված եմ, որ ճյուղն ավելի քան եկամտաբեր է լինելու: Ծրագիրը կյանքի կոչելու և այդ կարևոր ներդրումն անելու համար իմ երախտագիտությունն եմ հայտնում Միքայել Վարդանյանին և Վարդանյան ընտանիքին: Շնորհիվ Վարդանյանների ունեցած պատրաստակամ վերաբերմունքի և, իհարկե, մեծ հայրենասիրության՝ այսօր Արցախում ունենք ներդրումային և բարեգործական բազմաթիվ իրականացված նախագծեր: Կարծում եմ՝ բավարար է նշել միայն ծխախոտագործությամբ զբաղվող մի քանի տասնյակ կայացած տնտեսությունների, ստեղծված հարյուրավոր աշխատատեղերի, ինչպես նաև Ստեփանակերտի Աստվածամոր Սուրբ Հովանի Մայր Տաճարի կառուցման գործում նրանց ունեցած մեծ ավանդի մասին»:

Նմանատիպ նյութեր