211652_close_icon
views-count6751 դիտում article-date 16:02 30-12-2018

«Հնարավոր է, որ հակառակորդը փորձի հակամարտությունը լուծել ռազմական ճանապարհով. այդ ամենի կանխումը հենց մեր զինված ուժերի խնդիրն է». ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի ուղերձը

ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանի ամանորյա շնորհավորական ուղերձը. Հարգելի գեներալներ, սպաներ, ենթասպաներ, հայոց բանակի քաղաքացիական հատուկ ծառայողներ և ծառայողներ, 2018 թվականը շատ բուռն էր իր կտրուկ փոփոխություններով, որոնք, հավատացած եմ, հայոց բանակի զարգացումը կդարձնեն արգասաբեր և համակողմանի` դրանով նպաստելով մեր երկրի սահմանների խաղաղությանն ու անդորրին: Տարին հագեցած էր իրադարձություններով` փոքր ու մեծ ձեռքբերումներով: Մեկնարկեց բանակի արդիականացման յոթնամյա ծրագիրը, որի իրագործման արդյունքում զինված ուժերը կհագենան սպառազինության ու ռազմական տեխնիկայի նոր և կարևորը` արդիական ձեռքբերումներով: Այս համատեքստում կարևոր իրադարձություն էր «Երևան էքսպո» ցուցահանդեսային համալիրում մարտ ամսին անցկացված ArmHiTec-2018 միջազգային ցուցահանդեսը` նվիրված ռազմարդյունաբերության ոլորտի զարգացմանը, մեր միջազգային գործընկերների հետ հարաբերությունների խորացմանը, նոր կապերի ստեղծմանն ու հատկապես սպառազինության ու պաշտպանական տեխնոլոգիաների բնագավառում հայրենական արտադրության ցուցադրմանը: Ուրախալի փաստ է այն, որ հենց հայրենական արտադրության հեռակառավարվող սարքերի որոշ տեսակներ արդեն իսկ կիրառվում են առաջնագծում` զինվորին հնարավորինս զերծ պահելով անմիջական կրակի վտանգից: Զինված ուժերի կենսունակության ապահովման կարևոր գրավականներից են դեռ 2017 թվականին ներդրված և 2018 թվականից իրագործվող ժամկետային այլընտրանքային ծառայության «Ես եմ» և «Պատիվ ունեմ» ծրագրերը, որոնք նախընտրելի դարձան հարյուրավոր երիտասարդների համար: Անցնող տարին հարուստ էր զինված ուժերի մարտունակության բարձրացմանն ուղղված մի շարք միջոցառումներով: Այդ առումով հատկապես պետք է առանձնացնել «Միջազգային բանակային խաղեր-2018»-ի շրջանակներում «Տանկային բիաթլոն» մրցույթում հայ տանկիստների փայլուն ելույթը, առաջին անգամ Հայաստանում անցկացված «Ընկերակցության մարտիկ» մրցույթը, արդեն 2-րդ անգամ անցկացվող «Շանթ-2018» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունը, զորամիավորումների զորամասերում, զորավարժարաններում շտաբային զորավարժությունները, մարտական հրաձգությամբ մի շարք զորավարժություններ: Իրադարձություններ, որոնք, անխոս, նպաստում են հայ զինծառայողի` տեսական և գործնական գիտելիքների կատարելագործմանը, ցանկացած իրադրությունում ֆիզիկական և հոգեբանական պատրաստվածությանը, միջազգային հարթակներում մեր զինված ուժերի ըստ արժանվույն ներկայացմանը, պետական կառավարման համակարգի բոլոր օղակների արդյունավետ և ներդաշնակ փոխգործակցության ամրապնդմանը: Ձեզնից յուրաքանչյուրը հայոց բանակի մի մասնիկն է, և զինծառայողների սոցիալական ապահովմանն ուղղված մի շարք ծրագրերը, որոնք, հուսով եմ, շարունակական կլինեն, հնարավորինս կբարելավեն ու կապահովեն յուրաքանչյուրիդ բարեկեցիկ ներկան ու երաշխավորված ապագան: Ժողովրդի կամքով արտահայտված նոր խորհրդարանի ձևավորմամբ 2019 թվականին մեր պետությունը թևակոխելու է զարգացման նոր փուլ: Անկանխատեսելի են հակառակորդի գործողությունները, և հնարավոր է, որ նա փորձի հակամարտությունը լուծել ռազմական ճանապարհով: Այդ ամենի կանխումը հենց մեր զինված ուժերի խնդիրն է: Պիտի լինենք զգոն և համախմբված: Պիտի լինենք ուժեղ, որ չլինի պատերազմ… Շնորհակալություն եմ հայտնում սահմանին կանգնած զինծառայողներին: Խոնարհվելով զոհվածների հիշատակի առջև` շնորհակալություն նաև նրանց ընտանիքներին: Կորուստները չպետք է վհատեցնեն և թուլացնեն, այլ պետք է համախմբեն և, եթե դրանք եղել են թերացումների ու սխալների հետևանքներ, ապա դառը փորձը պետք է ավելի բարձրացնի զգոնությունն ու պատասխանատվությունը: Ջերմորեն շնորհավորում եմ բոլորիդ Նոր տարվա և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ: Գալիք տարին թող լինի խաղաղության, կայունության, համերաշխության, նոր ձեռքբերումների ու նվաճումների տարի: Թող բոլորի ընտանիքներում լինեն երջանկության բազմաթիվ պահեր, թևածի ուրախությունը, տիրի ջերմություն ու խաղաղ մթնոլորտ: Այդ ամենն, անշուշտ, փոքր ընտանեկան օղակից կներթափանցի մեծ ընտանիք` հայոց բանակ, որտեղ յուրաքանչյուրի փոքր քայլերով կերտված ճանապարհը առհավատչյան կլինի մեծ հաղթանակներով ապագայի: Ամենայն բարիք բոլորիս: Շնորհավոր Նոր տարի:

Նմանատիպ նյութեր