156691 դիտում
15:29 29-12-2018
Խոշոր ու ողբերգական ավտովթար Սյունիքի մարզում. բախվել են Opel-ն ու Mercedes Sprinter-ը. կա 1 զոհ, 15 վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ . ԼՐԱՑՎԱԾ
Այսօր՝ դեկտեմբերի 29-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 13։40-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 201 կմ հատվածում՝ Սիսիանի վարչական տարածքում, բախվել են Opel մակնիշի 35 VA 085 համարանիշի և Mercedes Sprinter մակնիշի 3759 Լ համարանիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 15 հոգի մարմնական վնասվածքներով, մի մասը՝ քաղաքացիների օգնությամբ, մի մասն էլ՝ Սիսիանի Աղիտուի զինվորական հոսպիտալի և Սիսիանի հիվանդանոցի բժիշկների օգնությամբ տեղափոխվել են հիվանդանոցներ։
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գեղամ Մարգարյանի, դասակի հրամանատար Կարեն Օհանյանի գլխավորությամբ։
Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Դավիթ Գրիգորյանը տեղեկությունը փոխանցել է Ոստիկանության Սիսիանի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետի գլխավորությամբ։
Օպերատիվորեն ժամանել են նաև արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Սիսիանի հրշեջ փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։
Վիրավորներից մի քանիսին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները՝ քաղաքացիների օգնությամբ։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոններն ու սահմանազատել տարածքը։
Այս պահին դեպքի վայրում աշխատում են Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի քննչական բաժնի քննիչները՝ բաժնի պետ Արմեն Կավյանի գլխավորությամբ։
Փաստի առթիվ քննչական բաժնում ՀՀ քր. օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ճանապարհը եղել է անցանելի, սակայն «շլյոպա» է եղել, և դա խոչընդոտ չէր կարող հանդիսանալ վթարին։
Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է Opel-ի վարորդը, ով դուրս է եկել ճանապարհի հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել Mercedes Sprinter-ին։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածի և վիրավորների ինքնությունը։
[color=#CC0000]***
Դեկտեմբերի 30,
09:30
Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնեց, որ Սյունիքի մարզի ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզել են, որ Opel-ը վարել է Գորիս քաղաքի բնակիչ, 28-ամյա Արտեմ Սուջոյանը, իսկ Mercedes Sprinter-ը վարել է Գորիս քաղաքի բնակիչ, 53-ամյա Գևորգ Ալխասյանը:
Վթարի հետևանքով Գ. Ալխասյանը, նրա ուղևորներ, Սյունիքի մարզի Տեղ գյուղի բնակիչներ, 35-ամյա Վարդան Կարապետյանը, 3-ամյա Վահագն Կարապետյանը, 30-ամյա Լուսինե Բարխուդարյանը, Գորիս քաղաքի բնակիչ, 62-ամյա Արտավազդ Բալասանյանը, և Opel-ի ուղևորներ, Արցախի Հանրարապետության Քաշաթաղի շրջանի Տիգրանավան գյուղի բնակիչներ, 64-ամյա Ռազմիկ Պողոսյանը, 31-ամյա Սոնա Պողոսյանը, Գորիս քաղաքի բնակիչ, 66-ամյա Ռոզա Պողոսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սիսիանի բժշկական կենտրոն, իսկ վարորդ Ա. Սուջոյանը տեղափոխվել է Սիսիանի Աղիտուի զինվորական հոսպիտալ:
Վթարի հետևանքով Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանի Տիգրանավան գյուղի բնակիչ, 61-ամյա Էլլա Միրզոյանը տեղում մահացել է:
Տեղում քննչական աշխատանքները ղեկավարող Սիսիանի քննչական բաժնի քննիչ Ա. Գյոզալյանի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ:[/color]
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
[color=#EF2929]
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության պաշտոնական կայքում օրվա ընթացքում պարբերաբար լրատվություն է տրամադրվում Հայաստանի Հանրապետության միջպետական ու հանրապետական նշանակության ավտոճանապարհների անցանելիության վիճակի վերաբերյալ: Եղանակային պայմանների կտրուկ փոփոխության դեպքում հաղորդվող տեղեկատվության պարբերականությունը, ըստ անհրաժեշտության, փոփոխվում է:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը մեկ անգամ ևս տեղեկացնում է, որ այն քաղաքացիները, ովքեր կգտնվեն ճանապարհին և անհրաժեշտ պահին ինտերնետ կապի հնարավորություն չեն ունենա, ճանապարհների անցանելիության մասին ամբողջական և օպերատիվ տեղեկատվություն կարող են ստանալ նախարարությունում գործող (010) 56-25-33 շուրջօրյա գործող տեղեկատու հեռախոսահամարով:
Հեռախոսահամարը շուրջօրյա կգործի նաև տոնական օրերին: [/color]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 106+
106+