1200 դիտում
16:15 25-12-2018
Ավագանին հաստատեց մայրաքաղաքի զարգացման 2019-2023 թվականների հնգամյա ծրագրի նախագիծը
Երևան քաղաքի ավագանին 28 կողմ, 10 դեմ և 12 ձեռնպահ ձայների համամասնությամբ հաստատեց Երևանի զարգացման 2019-2023 թվականների հնգամյա ծրագրի նախագիծը: «[url=https://armenpress.am/arm/news/959347.html]Արմենպրես[/url]»-ի հաղորդմամբ՝ Երևանի քաղաքապետի տեղակալ Հայկ Սարգսյանն ասաց, որ Երևանի զարգացման 2019-2023 թվականների հնգամյա ծրագրի նախագիծը մշակվել է հաշվի առնելով սեպտեմբերի 23-ին անցկացված Երևանի ավագանու արտահերթ ընտրությունները:
Երևանի զարգացման 2019-2023 թվականների հնգամյա ծրագրի հիմնական նպատակն է՝ նախանշել քաղաքային տնտեսության զարգացման ուղղությունները՝ հաշվի առնելով առկա հիմնախնդիրները:
«Առաջիկա 5 տարիների ծրագրերն ու միջոցառումները կազմվել են՝ հիմք ընդունելով մայրաքաղաքի զարգացման գերակայությունները, առկա հիմնախնդիրները և ֆինանսավորման հնարավորությունները։ Ծրագիրն ուղղված է քաղաքային տնտեսության բոլոր ոլորտների զարգացմանը: Ծրագրի նպատակն է իրականացնել համակարգային բարեփոխումներ՝ նոր մոտեցումների կիրառմամբ՝ հաշվի առնելով քաղաքացու շահերի և իրավունքների պաշտպանությունը»,-ասաց նա:
Հայկ Սարգսյանի խոսքով՝ ծրագրի իրականացման արդյունքում նախատեսվում է վերջնականապես լուծել մայրաքաղաքի աղբահանության և, ընդհանրապես, կենցաղային կոշտ թափոնների կառավարման խնդիրները՝ նոր և ժամանակակից լուծումներով: Քաղաքաշինության ոլորտում միասնական մոտեցումների ձևավորումը և քաղաքային զարգացման քաղաքաշինական ռազմավարության մշակումը ծրագրով նախատեսված առաջնային և անհետաձգելի քայլերից են: Հասարակական տրանսպորտի համակարգային բարեփոխումները, ոլորտի ամբողջական արդիականացումը և ժամանակակից միջազգային չափանիշներին համապատասխանեցումը, արդյունավետ կառավարման մեխանիզմների ներդրումը 2019-2023 թթ. հնգամյա ծրագրի գերակա ուղղություններից են:
Ծրագրով նախատեսվում է բնակարանային-կոմունալ ոլորտի կառավարման արդյունավետության բարձրացմանը և կառավարման մարմինների նկատմամբ բնակիչների վստահության բարձրացմանն ուղղված քայլերի իրականացում: Նախատեսվում է խիստ վերահսկողության տակ պահել բնապահպանության ոլորտը՝ բացառելով հանրային կանաչ տարածքների հաշվին կառուցապատման արդյունքում կանաչ տարածքների ոչնչացումը: Ծրագիրը նաև նախատեսում է իրականացնել նպատակային ծրագրեր կանաչապատման նոր մոտեցումների կիրառման միջոցով: Կիրականացվեն նաև էներգախնայողությանը, էներգաարդյունավետությանը և վերականգնվող էներգետիկ ռեսուրսների օգտագործմանն ուղղված ծրագրեր, որոնք կնպաստեն քաղաքի էկոլոգիական վիճակի բարելավմանը, ֆինանսական ռեսուրսների խնայողությանն ու արդյունավետության բարձրացմանը: Գերակա ուղղություններից է լինելու առողջապահության և սոցիալական ապահովության համակարգերի բարելավումը, Երևան քաղաքում կրթական համակարգի որակի բարելավմանն ուղղված միջոցառումների իրականացումը:
Հասցեական և նպատակային ծրագրեր կիրականացվեն մայրաքաղաքի զբոսաշրջային գրավչության բարձրացման նպատակով: Երևանի զարգացման հնգամյա ծրագրի առանձին ոլորտ է հանդիսանում «Խելացի Երևան» ծրագիրը, որով կարևորվում են կառավարման օպտիմալացումն ու ծառայությունների որակի բարելավումը, նոր տեխնոլոգիաների լայն կիրառությանը։
Երևանի զարգացման 2019-2023 թվականների հնգամյա ծրագրով քաղաքային տնտեսության զարգացման գործում մեծ կարևորություն է տրվում համայնք-մասնավոր հատված համագործակցությանը և համատեղ իրագործվող ծրագրերի շրջանակի ընդլայնմանը։
Նմանատիպ նյութեր
3882 դիտում
20:48 31-10-2017
Երևանի ավագանին hաստատել է Երևանի զարգացման 2018-2022 թվականների հնգամյա ծրագիրը
1778 դիտում
16:13 16-05-2019
Կառավարությունը հաստատեց 2019-2023 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը
15088 դիտում
21:20 06-04-2017
Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը ներկայացրել է 2017-2021 թվականների Էջմիածնի հնգամյա զարգացման ծրագիրը