211652_close_icon
views-count2628 դիտում article-date 19:23 24-12-2018

Կառավարությունը պահպանում է նախորդի սուպերվարչապետական համակարգը, ԼՀԿ-ն այս տեսքով՝ կառավարության կառուցվածքի մասին նախագծին դեմ կքվեարկի. Էդմոն Մարուքյան

Կառավարությունը պահպանում է նախորդ վարչակարգի սուպերվարչապետական համակարգը, և նախագիծն այս տեսքով ԱԺ ներկայացվելու դեպքում «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը պատրաստվում է ներկայացնել իր առաջարկները, որոնք չընդունվելու պարագայում դեմ կքվեարկի նախագծին։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրառման մեջ նշել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ, պատգամավոր Էդմոն Մարուքյանը՝ խոսելով նախարարությունների օպտիմալացման մասին: Մարուքյանի գրառումը ներկայացնում ենք ստորև. «Սիրելի՛ քաղաքացիներ, համացանցում մի քանի ժամ առաջ հրապարակվել է ՀՀ կառավարության կառուցվածքի և գործունեության մասին օրենքում կառավարության կողմից առաջարկվող փոփոխությունների նախնական տարբերակը։ Նախագծի ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ գործադիրը ծրագրում է փոփոխության ենթարկել հիմնականում նախարարությունների, ինչպես նաև որոշ տեսչությունների կազմն ու կառուցվածքը։ Ուժային կառույցները (ոստիկանություն և ԱԱԾ), ինչպես նախկին վարչակարգի օրոք, մնում են վարչապետի ենթակայության տակ։ Ավելին, հարկային և մաքսային մարմինները միավորող պետական եկամուտների կոմիտեն մնում է կառավարության իրավասության ներքո։ Այսինքն՝ խորհրդարանական վերահսկողության դաշտ այդ մարմիններն այդպես էլ չեն տեղափոխվում և օրենսդիր իշխանությանը հաշվետու չեն դառնում։ Հիշեցնենք, որ այդ մարմիններին խորհրդարանական վերահսկողության տակ առնելու վերաբերյալ դրույթներն առկա են եղել «Ելք» դաշինքի առաջարկներում: Այսպիսով, կառավարությունը, ըստ էության պահպանում է նախորդ վարչակարգի սուպերվարչապետական համակարգը, և նախագիծն այս տեսքով ԱԺ ներկայացվելու դեպքում Լուսավոր Հայաստան խմբակցությունը պատրաստվում է ներկայացնել իր առաջարկները, որոնք չընդունվելու պարագայում դեմ կքվեարկի նախագծին։ Ինչ վերաբերում է կառավարության կառուցվածքին և նախարարությունների թվի և գործառույթների կրճատմանն ու հնարավոր հետևանքներին, այդ հարցերին կանդրադառնանք առանձին՝ ավելի ուշ»։

Նմանատիպ նյութեր