211652_close_icon
views-count2847 դիտում article-date 09:01 22-12-2018

Գազի գնի վերաբերյալ նամակ չեն ստացել, հեռախոսազրույց են ունեցել. «168 ժամ»

«168 ժամ» թերթը գրում է. «Դեկտեմբերի 20-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն իր ասուլիսում հայտարարել է, որ առաջիկա շաբաթ սպասվում է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի այցը ՌԴ: Ուշագրավ է, որ նախատեսվող այցի մասին Հայաստանում իմացել են ոչ թե ՀՀ կառավարությունից, ինչպես սովորաբար լինում է, այլ՝ ՌԴ նախագահից: Ինչևէ: ՀՀ-ՌԴ հարաբերություններում առկա, մեղմ ասած՝ անհասկանալի իրավիճակի պարագայում, չափազանց կարևոր է, թե ինչ հարցեր են քննարկվելու այդ հանդիպման ընթացքում՝ Արցախի շուրջ տեղի ունեցող զարգացումները, գազի սակագինը, լաբորատորիաների գործունեության վերաբերյալ հայ-ռուսական պայմանագիրը, Կարասինի համարձակ հայտարարությունն ամերիկյան ճնշումների մասին… Հիշեցնենք, որ մեզ հասած տեղեկություններով՝ ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Կոզակը վերջերս նամակ է հղել ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանին՝ նշելով, որ ռուսական գազը սահմանին լինելու է 215 դոլար 1000 խմ-ի դիմաց, և դա քննարկման ենթակա չէ: Ներկայումս Հայաստանը գազը սահմանին ձեռք է բերում 150 դոլարով։ Ըստ մեր աղբյուրների՝ գազի գնի շուրջ վերջնական որոշումը կկայացվի մինչև դեկտեմբերի 27-ը։ Ավինյանի գրասենյակը մեր այս տեղեկատվության հրապարակման հաջորդ օրը հերքման անհաջող փորձ էր արել՝ ընդամենը ասելով, որ նամակ չի ստացել, հեռախոսազրույց են ունեցել։ Հիշեցնենք, որ դեկտեմբերի 31-ին ավարտվում է ռուսական գազի մատակարարման պայմանագրի գործողության ժամկետը: ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանը մոտ 10 օր առաջ հայտարարել էր, որ գազի նոր գինը կհայտարարվի բանակցությունների ավարտից հետո: «168 Ժամի» հետ զրույցում ռուս քաղաքական վերլուծաբան Ալեքսանդր Սկակովն անդրադառնալով Փաշինյան-Պուտին առաջիկա հանդիպմանը՝ նշել է, թե հաճախակի դարձած հանդիպումները լավ են, քանի որ կան կուտակված հարցեր, որոնք հեռախոսային զրույցներով սպառելը բարդ է: Նրա կարծիքով՝ գլխավոր հարցը կլինի ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացը, որի մասին խոսակցությունները բավականին ակտիվ են, և ադրբեջանական կողմն ակտիվորեն աշխատում է բանակցային գործընթացն առաջ մղելու համար: Սկակովի խոսքով՝ Հայաստանի համար գլխավոր խնդիրը գազի գինն է: «ՀՀ ղեկավարը՝ Փաշինյանը, խոստացել էր, որ այն նույնիսկ կիջնի, բարձրաստիճան նախորդ հանդիպումների ժամանակ ևս այս հարցը քննարկվել էր, խոսվեց, որ ՌԴ նախագահը զարմացել է, որ սահմանին գազի գինն էապես թանկանում է… Կարծում եմ` գազի գինը կդառնա Հայաստանի ներքաղաքական դիվիդենտների առարկա ցանկացած ելքի դեպքում: Վստահաբար ՀՀ իշխանությունների համար խիստ անցանկալի կլինի, եթե գինը բարձրանա, դա կհարվածի նոր իշխանության հեղինակությանը: Ուստի պետք է փորձեն ակտիվ աշխատել նույն գինը պահպանելու ուղղությամբ գոնե»,- ասել է Սկակովը»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր