211652_close_icon
views-count1545 դիտում article-date 16:58 21-12-2018

ԿԲ նախկին նախագահն անցնող տարին դրական է գնահատում տնտեսական ու քաղաքական առումով

ՀՀ Կենտրոնական բանկի նախկին նախագահ Բագրատ Ասատրյանն անցնող 2018թ.-ը դրական է գնահատում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Ասատրյանն ասաց դեկտեմբերի 21-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում: «Անցնող տարվա տնտեսական ցուցանիշները սպասվածի շրջանակներում էին: Տնտեսության մեջ որոշակի կառուցվածքային տեղաշարժեր են տեղի ունենում, և բնական է, որ կես տարվա մեջ տնտեսությունը մեծ թռիչք, մեծ զարգացում ակնկալել պետք չէր: Պետք էր ակնկալել հենց 5.5-6% տնտեսական աճ տարվա արդյունքներով»,- ասաց Բագրատ Ասատրյանը: Նրա խոսքով` նոր ձևավորվելիք կառավարությունը պետք է ուսումնասիրի ու հետևություններ անի այս ցուցանիշների թե դրական, թե բացասական կողմերից: «Բացասական կողմերի մեջ արտաքին առևտրի համամասնությունների էական փոփոխությունն էր: Այս տարվա արդյունքներով ներմուծման աճի տեմպերը մի քանի անգամ գերազանցել են արտահանման աճի տեմպերին: Պետք է ուշադրություն դարձնել նաև գյուղատնտեսության ոլորտին: Մշակող արդյունաբերության ավելի բարձր տեմպ ունենք, արտադրություններ, որոնք ավանդական են եղել Հայաստանի համար ու առաջիկայում էլ պետք է այս ոլորտները զարգանան: Մոտենում ենք մի նոր սահմանագծի, որը լինելու է նոր կառավարության ձևավորումը, նոր ծրագրի մշակումը, որովհետև նորացված իշխանությունն այդպես էլ չկարողացավ գտնել այն տեսլականը, որը երկիրը առաջ կտանի: Այս տարվա պետական բյուջեն նախկինի ու նորի խառնաշփոթ տարբերակն էր: Առաջնայինը լինելու է այն ծրագիրը, որով հանդես է գալու նոր կառավարությունը»,- նշեց Ասատրյանը: Բագրատ Ասատրյանը տարին դրական է համարում նաև քաղաքական առումով, նշելով, որ երկար դադարից հետո ունենք ընտրված Ազգային ժողով: ԱՎԾ-ն հրապարակել է ՀՀ 2018-ի հունվար-նոյեմբերի սոցիալ-տնտեսական զարգացման մակրոտնտեսական թվերը։ Ըստ այդմ` տնտեսական աճը կազմել է 5.7%։

Նմանատիպ նյութեր