211652_close_icon
views-count2743 դիտում article-date 16:35 18-12-2018

Ղարաբաղյան խնդրի կարգավորման գործընթացի հետ կապված զարգացումների պակաս չի զգացվել. փորձագետները ամփոփում են տարին

Անցնող տարում ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում քաղաքական բանակցություններ որպես այդպիսին երկու երկրների ղեկավարների միջև տեղի չեն ունեցել: Այդուհանդերձ, կարգավորման գործընթացի հետ կապված այլ զարգացումների պակաս չի զգացվել: «[url=https://armenpress.am/arm/news/958563.html]Արմենպրես[/url]»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում այս մասին նշեց քաղաքագետ Նարեկ Մինասյանը: «Ընթացիկ տարվա փետրվարին պարզ դարձավ, որ Ադրբեջանում անցկացվում են արտահերթ ընտրություններ, ինչին զուգահեռ ականատես եղանք սահմանին լարվածության աճին, առկա էր հռետորաբանության կոշտացում: Բացասական դինամիկան պահպանվեց ապրիլ, մայիս ամիսներին, երբ Ադրբեջանում և Հայաստանում ներքաղաքական զարգացումներ էին տեղի ունենում: Հայաստանում հեղափոխական զարգացումներին զուգահեռ սահմանին լարվածության աճ կար, ականատես եղանք համանախագահների հետ ակտիվ հանդիպումներին: Հայկական կողմը վերահաստատեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացը շարունակելու հանձնառությունը»,-ասաց Նարեկ Մինասյանը: Արդեն հուլիսին, այնուհետև սեպտեմբերին համանախագահները կազմակերպեցին արտգործնախարարների հանդիպումները: Դրանք հիմնականում կրում էին ճանաչողական բնույթ: Հետաքրքրիր զարգացումներ տեղի ունեցան սեպտեմբերի վերջին: Մասնավորապես, Դուշանբեում Փաշինյան-Ալիև ոչ ֆորմալ հանդիպմանը, որի ընթացքում որոշակի քննարկումներ են եղել, ինչի արդյունքում ձեռք են բերվել օպերատիվ կապի վերականգնման վերաբերյալ պայմանավորվածություններ, անդրադարձ է եղել լարվածության նվազեցման խնդրին: «Հետագայում մենք ականատես եղանք, որ այդ պայմանավորվածությունները կյանքի են կոչվում: Այսօր հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի նվազում ենք տեսնում: Համանախագահները ողջունեցին նման նախաձեռնությունները և փորձեցին իրենց տարածաշրջանային այցերի ընթացքում հստակեցնել մանրամասները և նպաստել դրանց կյանքի կոչմանը: Վերջին իրադարձությունը, թերևս, Միլանում արտգործնախարարների հանդիպումն էր, որը որոշ դրական տարրեր էր պարունակում: Համանախագահները հույս էին հայտնում, որ 2019 թվականին կշարունակվի բանակցային գործընթացն առավել բարձր մակարդակով»,-ասաց Նարեկ Մինասյանը: Արդյո՞ք եղածը բավարար է, ըստ Նարեկ Մինասյանի։ Իհարկե, ոչ, որովհետև դեռ պետք է կյանքի կոչվեն հետաքննության մեխանիզմները, ընդլայնվի մոնիտորինգի խումբը: Սրանք հարակից քայլեր են, որոնք կարող են բավական լուրջ ազդեցություն ունենալ և նպաստել խաղաղության մթնոլորտի ձևավորմանը: Ադրբեջանագետ Տաթև Հայրապետյանը նշեց, որ առաջիկա գործընթացում Հայաստանն իր շահերն է առաջ մղելու: Նրա խոսքով՝ Նիկոլ Փաշինյանի, խորհրդարանական մեծամասնություն կազմած «Իմ քայլը» դաշինքի կողմից հստակ արձանագրվել է՝ Արցախը պետք է վերադառնա բանակցային սեղանի շուրջ, առանց Արցախի ու Հայաստանի բնակիչների լուծում չի կարող լինել, և գործընթացը պետք է դառնա շատ ավելի թափանցիկ, հետագա քայլերն էլ շարունակվելու են Արցախի միջազգային ճանաչման համար: «Դիրքորշումները հստակ են, մնում է տարբեր հարթակներում, այդ թվում խորհդարանական դիվանագիտության միջոցով շարունակել աշխատել այդ ուղղությամբ»,-ասաց Տաթև Հայրապետյանը: Ըստ նրա՝ հետաքրքրական էին Ադրբեջանի նախագահի վերջին երկու ելույթները, երբ ղարաբաղյան հարցի լուծումը կապվեց սպառազինությունների աճի հետ: «Այսինքն՝ ասել, որ Ադրբեջանը հրաժարվում է խնդիրը ռազմական ճանապարհով լուծելուց, առնվազն միամտություն է, պարզապես Ադրբեջանը նոր ստեղծված իրավիճակում փորձում է ներկայանալ իբր կառուցողական»,-ասաց նա: Տավուշի սահմանագծում Ադրբեջանի սահմանապահ զորքերի տեղակայումը, զինված ստորաբաժանումների հետքաշումը կամ այլ տեղ տեղափոխելը Նարեկ Սարգսյանը դիտարկում է «կառուցողական» ներկայանալու շրջանակում: «Ադրբեջանը փորձում է իրեն դիրքավորել որպես հակամարտության կառուցողական կողմ, սակայն իրականում երկրի ներսում որևէ իրական բան չի արվում: Այդ համատեքստում կարելի է դիտարկել բոլորը բոլորի դիմաց սկզբունքով ռազմագերիների փոխանակման հետ կապված արշավը, ինչը կեղծ խաղաղասիրության, կառուցողական երևալու խնդիր է հետապնդում»,-ասաց նա՝ ավելացնելով, որ պետք է հնարավորինս առաջ մղել մինչ այժմ վստահության ամրապնդման մի շարք պայմանավորվածությունների կյանքի կոչումը, ինչպես նաև առաջ բերել նոր նախաձեռնություններ:

Նմանատիպ նյութեր