211652_close_icon
views-count1741 դիտում article-date 18:45 12-12-2018

Պետական բժշկական համալսարանը համագործակցության հուշագրեր է ստորագրել «Ուիգմոր Քլինիք» և «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնների հետ

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանը համագործակցության հուշագրեր ստորագրեց «Ուիգմոր Քլինիք» և «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնների հետ։ Հուշագրերի համաձայն՝ կողմերը նախատեսում են համագործակցել մի շարք ուղղություններով՝ իրենց ջանքերն ու ներուժը համատեղելով ի նպաստ առողջապահության ոլորտում կրթության և գիտության զարգացման: ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի խոսքով՝ քննարկումների արդյուքում հասել են այն կառուցողական եզրերին, որոնք թույլ են տալիս ուրվագծել համալսարան ու բուժհաստատություն փոխհարաբերությունները: «Բժշկական համալսարանն ունենալով երեք խոշոր կլինիկաներ՝ նախատեսում է հավասարապես համագործակցել մյուս բուժհաստատությունների հետ: Համոզված եմ, որ մեր գործընկերները, որոնք պատրաստ են նպաստել կրթական, գիտական ծրագրերին՝ վերլուծելով իրավիճակը, ևս պատրաստակամ են կատարել իրենցից կախված բոլոր գործողությունները»,-նշեց ռեկտորը՝ ավելացնելով, որ Բժշկական համալսարանը նոր մոտեցումներով է հանդես գալիս բուժհաստատությունների հետ փոխհարաբերություններում: «Ուիգմոր Քլինիք»-ի տնօրեն Զավեն Քոլոյանի խոսքով՝ ուրախ են, որպես գործընկեր, կանգնել ապագա բժիշկների կողքին: «Շատ լավ գիտակցում ենք, որ հուշագրի կնքումից հետո մանրակրկիտ աշխատանք է սպասվում»:- նշեց նա՝ հավելելով, որ պատրաստ են ամբողջ թիմով աշխատել՝ կրթության որակի բարձրացման հարցում իրենց ներդրումն ունենալու համար: «Նորք Մարաշ» բժշկական կենտրոնի տնօրեն Միքայել Ադամյանը նշեց, որ մեծ պատիվ է ԵՊԲՀ-ի հետ համագործակցության հուշագրի կնքումը, որը հետագայում փոխարդյունավետ ու արգասաբեր աշխատանքի հիմք է լինելու: «Մեր բժշկական կենտրոնը Հայաստանում տարիներ շարունակ սրտաբանության ոլորտում առաջատար տեղ է զբաղեցնում: Ունենալով մեծ գիտական բազա և պրակտիկ արդյունքներ՝ կարող ենք օգտակար լինել ապագա բժիշկներին»,- ընդգծեց նա: Անդրադառնալով «Նորք Մարաշ» բժշկական կենտրոնի հետ համագործակցությանը՝ Արմեն Մուրադյանն ասաց, որ անհարաժեշտ է համադրել շահերն ու աշխատենք ի նպաստ լավ կադրեր ունենալուն: ««Նորք Մարաշ»-ը մեծ փորձ ունի կադրեր պարտրաստելու հարցում՝ այն սրտաբանների դարբնոցն է»,- նշեց ռեկտորը: Արմեն Մուրադյանը կարևորեց նորաստեղծ «Ուիգմոր Քլինիք»-ի հետ հուշագրի ստորագրումը՝ ավելացնելով, որ այն իր հագեցվածությամբ ու մասնագետներով կարող է համեմատվել եվրոպական կլինիկաների հետ: «Մենք ցանկանում ենք, որ ԵՊԲՀ-ն՝ որպես մայր բուհ, ամենաբարձր կերպով պահի իր տեղը: Բոլոր հիվանդանոցների, կլինիկական բազաների հետ պետք է լինեն պայմանագրային հիմունքներ, պարտավորություններ, պատասխանատվություն և իրավունքներ: Սրանք հուշագրեր են, որոնք հետագայում կդառնան պայմանագրեր»,- ասաց Արմեն Մուրադյանը: [b]ԵՊԲՀ լրատվական ծառայություն[/b]

Նմանատիպ նյութեր