Ստրասբուրգում սուգ Է հայտարարված
Ստրասբուրգի քաղաքագլուխ Ռոլան Ռիսը սգո օր է հայտարարել քաղաքում այն բանից հետո, երբ 29-ամյա տղամարդը հրաձգություն է սարքել քաղաքի կենտրոնի Սուրբծննդյան տոնավաճառում, այդ մասին հաղորդում է Tass գործակալությունը՝ հղում անելով DNA լրատվական պորտալին։
Պորտալի տվյալներով՝ Սուրբծննդյան տոնավաճառը դեկտեմբերի 12-ին չի աշխատի: Բացի այդ, քաղաքապետարանի որոշմամբ՝ չեղյալ են հայտարարվել թատրոնների բոլոր ներկայացումները:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 11-ին երեկոյան հրազենով զինված տղամարդը հրաձգություն է սարքել Ստրասբուրգի կենտրոնի Սուրբծննդյան տոնավաճառում: Հրաձգության զոհ է դարձել 3 մարդ, ևս 12 հոգի վիրավորվել է:
Ոստիկանությանն առայժմ չի հաջողվել բռնել հրաձիգին: Ֆրանսիայի իշխանությունները տեղի ունեցածը դիտում են որպես ահաբեկչական գործողություն: Կասկածյալը ծագումով Ստրասբուրգից 29-ամյա տղամարդ է՝ Շերիֆ Շ. անունով:
Ֆրանսիայի ՆԳ նախարարությունը կոչ է արել բնակիչներին դուրս չգալ տներից և հետևել իշխանությունների հանձնարարականներին: ԶԼՄ-ների տվյալներով՝ Գերմանիայի հետ Ֆրանսիայի սահմանին ուժեղացված են սահմանային հսկողության միջոցները: Անվտանգության նկատառումներով ոստիկանությունը փակել է քաղաքի բոլոր հարավային երթուղիները:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ժամանել է Ստրասբուրգ, որտեղ շտապ խորհրդակցություն է անցկացրել: Նրա հետ միասին քաղաք է ժամանել ներքին գործերի նախարար Քրիստոֆ Կաստաները: Կաստաները հայտարարել է, որ հարձակվողի որոնմանը մասնակցում են 350 ոստիկաններ, դատական ոստիկանության 100 աշխատակիցներ, «Սանտինել» հակաահաբեկչական գործողության զինվորներ, Ֆրանսիայի ոստիկանության օպերատիվ արձագանքման ստորաբաժանումներ: