211652_close_icon
views-count5212 դիտում article-date 23:20 10-12-2018

Իմ ներկայությունն ավելի է բարդացնում իրավիճակը, չեմ հանդուրժի թատրոնի քայքայումը. Ս. Շահվերդյանը հրաժարական է տվել Համազգային թատրոնի գեղարվեստական ղեկավարի պաշտոնից

Երևանի Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնի գեղարվեստական ղեկավար Սուրեն Շահվերդյանը որոշում է կայացրել թողնել պաշտոնը: Այս մասին վերջինս հայտնել է ֆեյսբուքյան իր էջում: «Սիրելի՛ Համազգային թատրոնի արտիստներ, սիրելի՛ թատերասեր հասարակություն, ես ողջ կյանքս ապրել ու աշխատել եմ թատրոնում և թատրոնի համար։ Ինձ համար ցավ է տեսնել թատրոնի կաթվածահար վիճակը։ Այսպես շարունակվել չի կարող։ Ես չեմ հանդուրժի թատրոնի քայքայումը։ Տեսնում եմ, որ իմ ներկայությունն ավելի է բարդացնում իրավիճակը, թեև ես իմ ձեռքն էի մեկնել ձեզ՝ համոզված լինելով, որ կարող եմ օգնել և օգտակար լինել, բայց ստացվեց հակառակը... Այժմ որոշում եմ կայացրել հրաժարվել գեղարվեստական ղեկավարի պաշտոնից։ Ինչպես որ խոստացել էի, ես մնում եմ ձեր բարեկամը, գրկում եմ ձեզ մեկ առ մեկ ու հաջողություն մաղթում ձեր գործում։ Հուսով եմ, որ մեր միջև անախորժությունները կմոռացվեն, կներվեն միմյանց հասցված վիրավորանքները։ Հուսով եմ նաև, որ ապագայում առիթներ կունենանք միասին ստեղծագործելու և ծառայելու Նորին մեծություն Թատրոնին»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Շահվերդյանը: Նշենք, որ Սուրեն Շահվերդյանը նոյեմբերի 29-ին էր նշանակվել Համազգային թատրոնի գեղարվեստական ղեկավար: Նշանակումից հետո թատրոնում անձնակազմի կողմից բողոքի լայն ալիք էր ծավալվել:

Նմանատիպ նյութեր