1755 դիտում
22:14 06-12-2018
Երևանում մեկնարկել է Արևելյան գործընկերության երկրների խորհրդարանների գլխավոր քարտուղարների 2-րդ հանդիպումը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Դեկտեմբերի 6-ին ՀՀ Ազգային ժողովում մեկնարկել է Արեւելյան գործընկերության երկրների խորհրդարանների գլխավոր քարտուղարների 2-րդ հանդիպումը, որին մասնակցել են Հայաստանի, Վրաստանի, Մոլդովայի, Ուկրաինայի խորհրդարանների գլխավոր քարտուղարները, ներկայացուցիչներ աշխատակազմերից, Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերությունից (GIZ):
ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Արա Սաղաթելյանի բացման խոսքն այստեղ:
Ողջույնի խոսքով հանդես է եկել ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը: Ելույթն ամբողջությամբ՝ այստեղ:
Իր խոսքում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Բերնհարդ Մաթիաս Քիսլերը շնորհակալություն է հայտնել Հայաստանի խորհրդարանին հանդիպման կազմակերպման համար՝ մաղթելով մասնակիցներին արդյունավետ աշխատանք եւ սերտ համագործակցություն: Զեկուցողը նշել է, որ Արեւելյան գործընկերության երկրների խորհրդարանները՝ անկախ կառավարման համակարգից, ունենում են նույն խնդիրները եւ խորհրդարանների գործառույթների արդյունավետ իրականացումը պայմանավորված է նաեւ աշխատակազմի գործունեությամբ: Ըստ դեսպանի՝ խորհրդարանների աշխատակազմերը պատգամավորներին, մշտական հանձնաժողովներին տրամադրում են հիմնավորված եւ բարձրորակ տեղեկատվություն եւ այս առումով կարեւոր է երկրների միջեւ փորձի փոխանակման միջոցով աշխատակազմերի ունակությունների կատարելագործումը: Ըստ նրա՝ Գերմանիայի կառավարությունը համագործակցում է Արեւելյան գործընկերության երկրների հետ՝ աջակցելով ոչ միայն խորհրդարանների աշխատակազմերի կատարելագործմանն ուղղված ծրագրերի, այլեւ մի շարք ոլորտներում բարեփոխումների իրականացմանը:
Վրաստանի խորհրդարանի գլխավոր քարտուղար Գիվի Միկանաձեն փոխանցել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեի ողջույններն ու բարեմաղթանքները: Նա ընդգծել է նման պլատֆորմի արդյունավետությունը՝ նշելով, որ նախաձեռնությունը հնարավորություն է տալիս ուսումնասիրելու խորհրդարանների աշխատակազմերի լավագույն փորձը, ինչպես նաեւ՝ ընդհանուր մարտահրավերներն ու դրանց լուծումները:
Մոլդովայի խորհրդարանի գլխավոր քարտուղար Ալա Պոպեսկուն անդրադարձել է միջխորհրդարանական փոխգործակցության, միջազգային կառույցներում համագործակցության ակտիվացմանը, աշխատակազմերի միջեւ կապերի ընդլայնմանը: Նա կարեւորել է Արեւելյան գործընկերության երկրների խորհրդարանների հետազոտական կենտրոնի ստեղծումը:
Ուկրաինայի խորհրդարանի գլխավոր քարտուղար Պետրո Բոդնարը շնորհակալություն է հայտնել Հայաստանի Ազգային ժողովին ջերմ ընդունելության, իսկ GIZ-ին՝ աջակցության համար եւ մաղթել արդյունավետ աշխատանք: Նա նշել է, որ Ուկրաինան բարեփոխումների փուլում է եւ վերջին շրջանում կարեւոր փոփոխություններ են եղել Գերագույն ռադայի աշխատակազմում, ներմուծվել են ժողովրդավարական նոր մոտեցումներ: Պետրո Բոդնարն ընդգծել է, որ այսօրվա հանդիպումը քայլ է խորացնելու «Թբիլիսյան հուշագրի» շրջանակներում համագործակցությունը:
«Արեւելյան գործընկերության երկրներում խորհրդարանական կառավարման հզորացում» ծրագրի ազգային համակարգող Հրաչիկ Յարմալոյանը խոսել է «Ձմեռային ակադեմիայի» նախապատրաստման վերաբերյալ: 2019 թվականի փետրվարին Թբիլիսիում նախատեսվում է անցկացնել «Գիտահետազոտական եւ վերլուծական աշխատանքները խորհրդարաններում» թեմայով վերապատրաստման դասընթացներ: Այն ունենալու է գործնական ուղղվածություն, տեղի է ունենալու փորձի փոխանակում: Ծրագիրն անցկացվելու է Եվրոպական խորհրդարանի եւ Գերմանիայի Բունդեսթագի հետ սերտ համագործակցությամբ:
Հրաչիկ Յարմալոյանը նաեւ ներկայացրել է Արեւելյան գործընկերության երկրների խորհրդարանների հետ սերտ համագործակցությամբ 2019թ. հունվար-հունիս ժամանակահատվածում իրականացվելիք միջոցառումները: Բանախոսը նշել է, որ Արեւելյան գործընկերության երկրների խորհրդարանների աշխատակազմերի ներկայացուցիչները յուրաքանչյուր տարի այցելել են Գերմանիայի Բունդեսթագ՝ մեկշաբաթյա ժամկետում ծանոթանալով վերջինիս աշխատակազմի ամենօրյա աշխատանքին: Այս տարի եւս կլինի հերթական այցելությունը:
Ըստ Հրաչիկ Յարմալոյանի՝ 2019 թվականի մայիսին Բաթումիում կկազմակերպվի խորհրդարանների աշխատակազմերի կարողությունների զարգացմանը վերաբերող, ամռանը Թբիլիսիում՝ «Խորհրդարանական վերահսկողություն» թեմայով սեմինարներ:
Վրաստանի ներկայացուցիչն առաջարկել է հանդիպումներն ավելի հաճախակի դարձնել, համացանցում ունենալ համապատասխան կայքէջ:
Մասնակիցները համաձայնել են, որ յուրաքանչյուր որոշում պետք է ընդունվի փոխհամաձայնությամբ:
Կառույցում մինչեւ 2019 թվականի աշունը նախագահությունը կստանձնի Վրաստանը:
Որոշվել է հաջորդ հանդիպումն անցկացնել գալիք տարվա մայիսին՝ Ուկրաինայի Լվով քաղաքում:
Հանդիպումը կշարունակվի դեկտեմբերի 7-ին:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1393 դիտում
20:49 27-12-2024
Վարչապետի որոշմամբ նշանակումներ և վերանշանակումներ են կատարվել ՊԵԿ ղեկավար կազմում
946 դիտում
20:37 27-12-2024
Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանի նկատմամբ մեղադրանքը փոխվել է
475 դիտում
20:15 27-12-2024
Ամփոփվել է վարչական դատավարության էլեկտրոնային համակարգի վերապատրաստումների 1-ին փուլը