211652_close_icon

Քաղաքացիական հասարակության օրակարգն Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին ընդառաջ. հանրային քննարկում ԵՊՀ-ում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

views-count1559 դիտում article-date 22:10 03-12-2018
ԵՊՀ Չարենցի անվան լսարանում տեղի ունեցավ «Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնության կողմից կազմակերպած «Քաղաքացիական հասարակության օրակարգը ազգային ժողովի արտահերթ ընտրություններին ընդառաջ» խորագրով հանրային քննարկում: Հանդիպմանը ներկա էին քաղաքացիական տարբեր նախաձեռնությունների, հասարակական միավորումների անդամներ, դասախոսներ, ուսանողներ: Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի ներկայացուցիչ Լարիսա Մինասյանը ողջունեց ներկաներին և նշեց, որ աշխարհում նմանաբնույթ քննարկումները կատարվում են և պետք է կատարվեն համալսարաններում՝ համալսարանականների անմիջական մասնակցությամբ. «Համալսարանում պետք է հավաքված լինի ամենաառաջադեմ միտքը»: Նա ներկայացրեց բանախոսներին և օրակարգը: Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը հանդես եկավ «Սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտությունն իշխանությունների տարանջատման սկզբունքի ու մարդու իրավունքների պաշտպանության համար» ելույթով՝ խոսելով այն մասին, որ կրթական ինստիտուտը պետք է օրինակ հանդիսանա բաց լինելու տարբեր մտքերի ու կարծիքների համար, քանի որ առանց դրա հնարավոր չէ մտքի զարգացումը: Ըստ բանախոսի՝ հանրային քննարկումների այս շարքի նպատակն այն է, որ քաղաքացիական հասարակությունն առաջիկա ԱԺ ընտրություններին մասնակցող ուժերի առջև բարձրացնի այն խնդիրները, որոնք կարևոր են մեր հասարակության համար: Նա խոսեց պետական ինստիտուտների փոխհարաբերակցության, մարդու իրավունքներն ամրագրող օրենքների, սահմանադրական նորմերի հետ կապված մի շարք խնդիրների մասին: Փաստաբան Վահե Գրիգորյանը ելույթ ունեցավ անցումային արդարադատության մասին՝ նշելով, որ այն համալիր միջոցառումների իրականացում է, որի նպատակն է կիսաավտորիտար և ավելի խիստ ռեժիմ ունեցող երկրներում անցում կատարել դեպի ժողովրդավարություն: Այս ամենը, որպես կանոն, ենթադրում է նոր մարմինների ստեղծում: Վահե Գրիգորյանը նշեց նաև, որ անցումային արդարադատությունը դառնալու է թե՛ ակադեմիական, թե՛ հանրային քննարկումների առարկա: «Պետության զավթումից ազատագրումը» ելույթով հանդես եկավ Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը՝ ներկայացնելով տարբեր մակարդակներում տեղի ունեցած զավթումները և դրանց աղերսված խնդիրները: «Ակնկալում եմ, որ նոր խորհրդարանը պարտավոր է հանրային քննարկումների ու բանավեճի դուռ բացել: Պետք է քննարկել այն ամենը, ինչ եղել է»,- ասաց նա: Քննարկում ծավալվեց կրթության իրավունքի ոտնահարման և դրա դեմ ուղղված միջոցառումների շուրջ, անդրադարձ կատարվեց մարդու հիմնարար իրավունքների ու ազատությունների խնդիրներին:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+

Նմանատիպ նյութեր