211652_close_icon
views-count1803 դիտում article-date 15:06 03-12-2018

Փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը մասնակցեց «Հայաստան․ կայուն էներգետիկայի զարգացման փարոս» համաժողովին

Դեկտեմբերի 3-ին ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը մասնակցեց «Հայաստան. կայուն էներգետիկայի զարգացման փարոս» համաժողովին։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանի գրասենյակից, ողջունելով հյուրերին՝ Տիգրան Ավինյանը նշեց, որ ժամանակակից աշխարհում տնտեսության կայուն զարգացումը լուրջ մարտահրավեր է հանդիսանում սեփական վառելիքաէներգետիկ պաշարներ չունեցող երկրների համար։ Այս առումով Հայաստանի Հանրապետությունը դիտարկում է կայուն էներգետիկայի զարգացումը որպես ազգային անվտանգության ապահովման բաղադրիչներից մեկը։ Փոխվարչապետի պաշտոնակատարն ասաց, որ կառավարությունը մեծ նշանակություն է տալիս կայուն էներգետիկ զարգացմանը, վերականգնվող էներգետիկ կարողությունների խթանմանը, տնտեսության բոլոր ճյուղերում էներգիայի արդյունավետ օգտագործմանը, ինչպես նաև տարածաշրջանային էներգետիկ շուկաների հետ ինտեգրմանը։ Այդ պատճառով շարունակաբար բարեփոխվում է օրենսդրությունը, վերացվում են ազատականացման խոչընդոտները, ստեղծվում է թափանցիկ և կանխատեսելի կարգավորման դաշտ և բարենպաստ ներդրումային միջավայր, իսկ ոլորտի քաղաքականությունը հենվում է խորը փորձագիտական վերլուծությունների և երկարաժամկետ պլանավորման արդի մեթոդների վրա։ Տիգրան Ավինյանի խոսքով կառավարությունն իր գործիքակազմի միջոցով նպաստում է երկրում նոր էներգետիկ հզորությունների կայացմանը։ Էլեկտրաէներգետիկայի շուկայի փուլային ազատականացման արդյունքում մինչև 2021 թվականը բոլոր էներգամատակարարների համար կստեղծվեն հավելյալ խթաններ, մրցակցային միջավայրի զարգացման և լրացուցիչ ներդրումների ներգրավման համար էլ ավելի մեծ հնարավորություններ կլինեն։ Տիգրան Ավինյանն ընդգծեց է, որ կայուն էներգետիկայի խթանումը կառավարության կողմից ոչ միայն դիտվում է որպես անվտանգ, խելացի և մրցունակ տնտեսություն կառուցելու նախադրյալ, այլև մարդկային կյանքի որակի բարձրացման, Հայաստանի քաղաքացիների համար ժամանակակից էներգետիկ ծառայությունների հասանելիությունը և մատչելիությունն ապահովելու, երկրի և մոլորակի բնապահպանական խնդիրները լուծելու արդյունավետ միջոց։ Այս նպատակով Հայաստանի կառավարությունը համակողմանի գործակցում է տարբեր միջազգային կառույցների հետ, համատեղ ջանքերով կյանքի են կոչվում խոստումնալից ներդրումային ծրագրեր վերականգնվող էներգետիկայի և էներգաարդյունավետության ոլորտներում, ինչպիսիք են արևային և հողմային կայանների ներդրումային նախագծեր, շենքերի էներգաարդյունավետության բարձրացման ծրագրեր, քաղաքային լուսավորության արդիականացման նախագծեր, տարածաշրջանային էլեկտրաէներգետիկ շուկաներին միացնող էլեկտրահաղորդման գծերի կառուցում, որոնք վերականգնվող էներգետիկայի համար կստեղծեն նաև արտահանման հնարավորություններ։

Նմանատիպ նյութեր