211652_close_icon
views-count6575 դիտում article-date 18:00 29-11-2018

ՀԽ Կրոնի, սփյուռքի և միջազգային ինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահ է ընտրվել Գևորգ Մկրտչյանը

Հանրային խորհրդի Կրոնի, սփյուռքի և միջազգային ինտեգրման հարցերի նորաստեղծ հանձնաժողովն այսօր անդրանիկ նիստն է անցկացրել և ընտրել հանձնաժողովի նախագահ: Հանձնաժողովի 34 անդամներից նիստին ներկա է գտնվել 26-ը: Հանձնաժողովի նախագահի թեկնածու է առաջադրվել 3 անդամ՝ Արայիկ Սարգսյանը, Գևորգ Մկրտչյանը և Վարդան Մարաշլյանը: Փակ, գաղտնի քվեարկության արդյունքում հանձնաժողովի նախագահ է ընտրվել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի երիտասարդական բաժնի տնօրեն, «Երիտասարդություն» ՀԿ նախագահ Գևորգ Մկրտչյանը: Իր ելույթում անդրադառնալով ոլորտի խնդիրներին և հանձնաժողովի անելիքներին՝ Գևորգ Մկրտչյանն ընդգծել է, որ հանձնաժողովի երեք ուղղությունները՝ կրոն, սփյուռք, միջազգային ինտեգրում, մեր երկրի կյանքում հավասարապես նշանակալի տեղ ունեն, և շատ կարևոր է, որպեսզի այդ ոլորտներում առկա խնդիրները բարձրացվեն, դրանց լուծման ուղղությամբ փորձագիտական լուծումներ գտնվեն: Այս տեսանկյունից Գևորգ Մկրտչյանը կարևորել է Հանրային խորհրդի դերը իբրև կապող օղակ պետության ու հասարակության միջև, հարթակ, որտեղ ըմբռնում, հղկում և ներկայացնում են խնդիրները վերին օղակներին, գտնում փոխզիջումային լուծումներ: Այսօրվա նիստը նախագահել է Հանրային խորհրդի անդամ Վազգեն Մանուկյանը, որը հանձնաժողովի անդամներին ներկայացրել է խորհրդի դերն ու գործառույթները, աշխարհի յոթ տասնյակից ավելի երկրներում նմանատիպ կառույցների գործունեությունը: Նա ընդգծել է հատկապես Ֆրանսիայի օրինակը, որտեղ համանման կառույցը ստեղծվել է 1929 թվականին և բավականին մեծ ազդեցություն ունի երկրի սոցիալ-տնտեսական կյանքում: Մանուկյանը կարևորել է ՀԽ Կրոնի, սփյուռքի և միջազգային ինտեգրման հարցերի հանձնաժողովի ակտիվությունը՝ նշելով, որ Հանրային խորհրդի գործունեության գերակա ուղղություններից է համահայկական կառույցների ստեղծման գաղափարն ու Հայաստան-Սփյուռք համագործակցության զարգացումը: [b]ՀՀ Հանրային խորհրդի մամուլի պատասխանատու Անի Գասպարյան[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր