Հարվարդը չեմ ավարտել, բայց ունեմ փորձ. Գագիկ Ծառուկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հարվարդը չեմ ավարտել, բայց ունեմ փորձ։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 27–ին, հայտարարեց ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը՝ Աբովյանի համայնքապետարանի հարակից տարածքում՝ նախընտրական քարոզարշավի մեկնարկին:
Նա ասաց, որ մեր երկրի հիմնական խնդիրը պետք է լինի տնտեսական հեղափոխությունը։
«Իհարկե, բոլորին էլ աջակցում եմ, բայց աջակցելով երկիր չես զարգացնի։ Բոլորն էլ ուզում են աշխատել։ Մեր ժողովուրդը 2 միլիոն մեծ կոլեկտիվ է՝ ձեր ցավը տանեմ, պետք է կարողանանք համախմբված լինել։ Ցանկացած ոլորտ, ինչին ձեռք եմ տվել, կանաչացրել եմ»,–ասաց Գագիկ Ծառուկյանը։
Նա նաեւ ընդունեց, որ ինչքան ոլորտ ունենք, այդքան էլ պրոբլեմ, իսկ հիմնական խնդիրը աշխատատեղի բացակայությունն է։
Նա անդրադարձավ նաեւ բանկերի չափազանց բարձր տոկոսադրույքների խնդրին. «Ծառուկյանը հասկանում է, որ ցանկացած գործարարի տարեկան շահույթը կարող է լինել 5–7 տոկոս, բանկի տոկոսը 8-12 տոկոս է։ Բանկի տոկոսը եթե 12 է, տարեկան շահույթը 7 տոկոս է. շահույթը 2-4 տոկոս պետք է լինի, որպեսզի մարդը կարողանա իր կյանքը բարելավել»։
Ծառուկյանն արձանագրեց, որ պետության ողնաշարը փոքր ու միջին բիզնեսն է, եւ չի կարելի պետության բյուջեն կազմել փոքր ու միջին բիզնեսի վրա. «Եթե 650 հազար ընտանիք ունենք, 75 տոկոսն է փոքր ու միջին բիզնեսը. հիմնական տուրքերը բյուջեի 1–2 տոկոս է, կարելի է այդ մարդկանց ազատել հարկերից, որովհետեւ դա բյուջեի վրա ազդեցություն չի ունենա, բայց իրենց կօգնի»։
Նա ասաց, որ չի եկել խնդրելու, որ պարոն Ծառուկյանին ձայն տան, ինչ չափով ձայն տան, այն չափով էլ կարող են պահանջել։
ԲՀԿ նախընտրական ծրագիրն անդրադարձել է բոլոր ոլորտներին՝ բազմազավակ մայրերից մինչեւ գիտություն ու սպորտ։
Ծառուկյանն ասաց, որ ներդրողի համար այնպիսի պայմաններ պետք է ստեղծել, որ իրենք խնդրեն գալ ու ներդրում անել։
«Մենք բոլոր պայմանները պետք է ստեղծենք մեր հայրենակիցների համար, որ վերադառնան։ Բոլոր ոլորտներում տարեկան պետք է ներդրում արվի»,– ասաց Գագիկ Ծառուկյանը։
Նա նաեւ վստահեցրեց, որ պատրաստ է իրեն նեղություն տալ, իսկ իր ունեցվածքը հազար ձեւով ստուգել են։
«Հարվարդը չեմ ավարտել, բայց ունեմ փորձ. ցանկացած կառույց, որը վերցրել եմ քանդված, ավիրված՝ հասցրել եմ ամենաբարձր ստանդարտներին։ Բոլոր ոլորտները գիտեմ»,– ասաց Գագիկ Ծառուկյանը։
Ասաց, որ պետք նայել՝ ինչ օրենքներ կան եւ դրանցից ավելի լավն ընդունել։
Խոսքը պետք է գործ դարձվի, բոլոր խնդիրները լուծում ունեն՝ եզրափակեց Գագիկ Ծառուկյանը։
Նշենք, որ ԲՀԿ ցուցակը գլխավորում է կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը: ԲՀԿ ցուցակում ընդգրկված է 169 թեկնածու: Առաջին եռյակում են Գագիկ Ծառուկյանը, Միքայել Մելքումյանը, Արթուր Գրիգորյանը: Նրանց հաջորդում են Նաիրա Զոհրաբյանն ու Տիգրան Ուրիխանյանը: