211652_close_icon
views-count1334 դիտում article-date 12:31 26-11-2018

34 սիրիահայ և իրաքահայ ուսանող կրթաթոշակ է ստացել Կլոր սեղան հիմնադրամից. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Եկեղեցիների համաշխարհային խորհրդի հայաստանյան միջեկեղեցական Կլոր սեղան բարեգործական հիմնադրամը (ՀԿՍ) «Հալեպ» հայրենակացական բարեսիրական կազմակերպության («Հալեպ» ՀԿ) հետ համագործակցությամբ իրականացվող «Սիրիահայ երիտասարդների պայծառ ապագա» ծրագրի շրջանակում կրթաթոշակներ տրամադրեց Սիրիայի և Իրաքի հակամարտության հետևանքով Հայաստանում ապաստանած 34 ուսանողի: Կրթաթոշակակիրներն ընտրվել էին հստակ ժամկետներով հայտարարված բաց մրցույթի միջոցով՝ գնահատելով նրանց ակադեմիական բարձր առաջադիմությունը, հասարակական ակտիվությունն ու անհերքելի սոցիալական կարիքը: Կրթաթոշակների հանձնման առիթով ՀԿՍ հիմնադրամի գրասենյակում էին հյուրընկալվել կրթաթոշակ ստացած ուսանողներն ու ծրագրում ակտիվորեն ներգրավված երիտասարդները: Նրանք նախևառաջ ճանաչողական շրջայց կատարեցին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում: «Ռուբեն Սևակի» անվան արվեստի թանգարանում նրանց ողջունեց տնօրեն Տեր Սևակ քահանա Սարիբեկյանը: Հոգրևորականը ներկայացրեց Ռուբեն Սևակին, Գրիգոր Զոհրաբին, Սիամանթոյին, Դանիել Վարուժանին և այլ մտավորականներին նվիրված պատկերասրահը, որտեղ ցուցադրված են ավելի քան 200 արվեստի գործեր, ինչպես նաև Ռուբեն Սևակին պատկանող իրերն ու նկարները: Երիտասարդները նաև այցելեցին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գանձարան, որն ամփոփում է ժամանակի ընթացքում հայկական աշխարհասփյուռ համայնքներից ստացված և հայ վարպետների ձիրքի և գեղեցկության բարձրարվեստ ընկալման մասին վկայող ցուցանմուշները: Երիտասարդներին ողջունեցին ՀԿՍ գրասենյակի գործադիր տնօրեն՝ Կարեն Նազարյանը և «Հալեպ» ՀԿ-ի գործադիր տնօրեն Սարգիս Բալխյանը: Միջոցառմանը ներկա էին ՀՀ սփյուռքի նախարարության Մերձավոր և Միջին Արևելքի հայ համայնքների վարչության պետ պարոն Լևոն Անտոնյանը, ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի արտաքին կապերի պատասխանատու Անահիտ Հայրապետյանը և ՀԲԸՄ երևանյան գրասենյակի Ֆինանսական պատասխանատու Լենա Բաղդասարյանը: 2018 թ. աշնանը հայտարարված մրցույթին ընդհանուր հաշվով ստացվել է 57 դիմում, որոնք դիտարկել է անկախ ընտրող հանձնաժողովը, որը կազմում էին ՀԿՍ հիմնադրամի, «Հալեպ» ՀԿ-ի և սիրիահայ ուսանողների ներկայացուցիչներ: Յուրաքանչյուր հայտ դիտարկվել է մանրամասնորեն` հաշվի առնելով դիմորդի առաջադիմությունը, համայնքային մասնակցությունը և սոցիալ-տնտեսական կարիքը: Արդյունքում ընտրվել է 14 ուսումնական հաստատություններ ներկայացնող 34 կրթաթոշակառու:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր