Վանաձորի թիվ 5 պոլիկլինիկայում նշվեց մանկաբույժի միջազգային օրը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
                        Երեկ՝ նոյեմբերի  20-ին, Վանաձորի թիվ 5 պոլիկլինիկայում նշվեց մանկաբույժի միջազգային օրը: Միջոցառման նախաձեռնողներն էին թիվ 5 պոլիկլինիկայի  հոգատար, համբերատար, ուշադիր, գործի տեր, գիտակ մասնագետներ Կարինե Բաղդասարյանը, Գայանե Մովսիսյանը  և Վերոնիկա Ղարագյոզյանը: Խելացի, գիտուն մասնագետները պատրաստակամ օգնում են ցանկացած ժամի:
Ներկա էին Վանաձորի բժշկական կենտրոնի Նեոնատան բաժանմունքի մանկաբույժներ Ալլա Սարգսյանը և Մետաքսյա Վարդանյանը, առաջին, երկրորդ, երրորդ և չորրորդ պոլիկլինիկաների մանկաբույժներ, ծնողներ:
Կ. Բաղդասարյանը շնորհակալություն հայտնեց ներկաներին, բուժքույրերին, որոնք իր հետ միասին պատրաստակամորեն կանգնած են ամեն պահի: 
«Մանկաբույժ չեն դառնում, մանկաբույժ ծնվում են, և մենք մեր անհատացող տեսակով ապացուցում ենք ամեն օր, ամեն վայրկյան: Յուրահատուկ մասնագիտություն է մանկաբույժի մասնագիտությունը, բարդ ու հաճելի, պատասխանատու և գրավիչ»,-նշեց իր խոսքում Կ. Բաղդասարյանը:
Գ. Մովսիսյանն էլ իր խոսքում նշեց. «Մանկաբույժությունը համարվում է ամենամարդասիրական մասնագիտություններից մեկը: Հասարակությունը մանկաբույժներին է վստահել իր համար ամենաթանկագինը` երեխաներին, և նրանց առողջությունը: Մարդկության ապագան գտնվում է մանկաբույժների ձեռքերում»:
Լուսանկարները և տեսանյութը` Արմինե Դանիելյանի
                                            
                    
                                            
                        
            


