211652_close_icon
views-count6441 դիտում article-date 10:51 17-11-2018

20 օրենք էլ ընդունեն՝ կաթողիկոսի հեղինակությունը չի բարձրանա. «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է. «Պե՞տք է արդյոք Ամենայն հայոց կաթողիկոսին թիկնազոր, թե՞ պետք չէ՝ մասնավոր հարց է: Ինձ թվում է՝ եթե Գարեգին Բ-ն դիմի համապատասխան մարմիններին, վերջիններս պետք է հարգեն նրա խնդրանքը և ապահովեն նման բարձր հոգևոր պաշտոն զբաղեցնող անձնավորության անվտանգությունը: Արդյոք Մայր աթոռը դիմե՞լ է նման խնդրանքով: Փաստարկները, թե ինչու է դա պետք ամրագրել օրենքի մակարդակով, կարծում եմ՝ այնքան էլ հիմնավոր չեն: Երբ ասվում է, որ կաթողիկոսին պետք է պաշտպանել աղանդավորների և սեռական փոքրամասնությունների հարձակումներից, պարզ չէ՝ խոսքը ֆիզիկակա՞ն, թե՞ բարոյական, գաղափարական հարձակումների մասին է: Եթե ֆիզիկական ոտնձգություններ են եղել, ապա անկախ հարձակվողների կրոնական և սեռական կողմնորոշումից՝ նրանցով պետք է զբաղվեն իրավապահ մարմինները: Եթե խոսքը գաղափարական վեճի մասին է, ապա այստեղ ցանկացած քաղաքացի իրավունք ունի իր տեսակետը հայտնելու: Ասվում էր նաև, որ այդպիսով ընդգծվում է կաթողիկոսի հասարակական հեղինակությունը: Բայց եկեք անկեղծ լինենք՝ վեհափառն այսօր հեղինակություն չունի: Դրանում չկա ո՛չ ընդդիմադիր, ո՛չ իշխանական պատգամավորների մեղքը, և նրանք, եթե նույնիսկ 20 օրենք ընդունեն, դրանով այդ հեղինակությունը չի բարձրանա: Չգիտեմ՝ Գարեգին Բ-ն ինչ պետք է անի, որ իր հեղինակությունը բարձրանա, բայց դա ամբողջությամբ իր խնդիրն է: Ինչ մնում է Հայ Առաքելական եկեղեցու հեղինակությանը, ապա այն բարձր է՝ անկախ կաթողիկոսի և մնացած կղերական պաշտոնյաների դրական կամ բացասական հատկություններից: Եվ բոլորիս պարտքն է այն է՛լ ավելի բարձրացնել»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր