211652_close_icon
views-count9625 դիտում article-date 12:31 08-11-2018

Գորիս-Կուբաթլի ճանապարհին ՀՀ ՊՆ բեռնատարի վթարի հետևանքով զոհված զինվորների հիշատակին Անթիլիասում կկատարվի հոգեհանգստի կարգ

Անթիլիասի Մայրավանքի Մայր տաճարում նոյեմբերի 11-ին հոգեհանգստի կարգ կկատարվի՝ ի հիշատակ նոյեմբերի 7-ին Գորիս-Որոտան (Կուբաթլի) ավտոճանապարհին տեղի ունեցած վթարի ժամանակ զոհված զինծառայողների: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության միաբանության անդամ, տեղեկատվական գրասենյակի վարիչ-պատասխանատու Հայր Պետրոս վարդապետ Մանուէլյանը: Նա նշել է, որ Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը մեծ ցավով է իմացել Հայաստանի պաշտպանության նախարարությանը պատկանող բեռնատարի վթարի մասին: «Հայրապետն աղոթում է զոհված չորս երիտասարդ հայ զինվորների հոգիների համար և այս տխուր առիթով իր օրհնությունն ու ցավակցություններն է փոխանցում հայկական քաջ բանակին ու նահատակ զինվորների ընտանիքներին: Նորին Սրբությունը միաժամանակ շուտափույթ ապաքինում է մաղթում պատահարի հետևանքով վիրավորված զինծառայողներին»,- հայտնել է Պետրոս Մանուելյանը: Ավելի վաղ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը [url=https://shamshyan.com/hy/article/2018/11/07/1109530/]հայտնել [/url]էր, որ երեկ՝ նոյեմբրի 7-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար էր տեղի ունեցել Գորիս-Կուբաթլի ավտոճանապարհի 39 կմ հատվածում։ ՀՀ ՊՆ համարանիշներով բեռնատար ավտոմեքենան ժամը 12։00-ի սահմաններում Գորիսից դեպի Կուբաթլի ճանապարհին վթարի էր ենթարկվել, ինչի հետևանքով 4 զինվոր մահացել էր, կային մի քանի վիրավորներ։ Մեքենայում գտնվել են 21 զինծառայող, որից 19-ը՝ թափքում: 21-ից 17 զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում, 8 զինծառայող ստացել է տարբեր տեսակի մարմնական վնասվածքներ։

Նմանատիպ նյութեր