Աշխաբադում շարունակվում է ծանրամարտի աշխարհի առաջնությունը:
Այսօր Հայաստանի ներկայացուցիչներից պայքարի էր դուրս եկել 81 կգ քաշային Անդրանիկ Կարապետյանը: Օրեր առաջ Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնության ոսկե մեդալակիր դարձած ծանրորդը չկարողացավ հաջողությամբ կատարել պոկում վարժությունը: Անդրանիկը պատվիրել էր 171 կգ, սակայն երեք մոտեցումն էլ ձախողեց:
Պոկում վարժությունից հետո ծանրամարտի Հայաստանի տղամարդկանց հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը նշել է, որ Անդրանիկի առաջին մոտեցման ժամանակ զգացնել է տվել նախկին վնասվածքը, մեր ծանրորդը ցավեր է զգացել:
Անդրանիկ Կարապետյանը որոշել է չմասնակցել հրում վարժությանը՝ ավարտելով ելույթն աշխարհի առաջնությունում, հայտնում է Armsport.am-ը: