ՀՀ ոստիկանության Երեխայի զարգացման կենտրոնում ներկայացվել է «Աղետիկ» ուսուցողական բեմադրությունը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Հոկտեմբերի 29-ին ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի մշակույթի կենտրոնի սաները ելույթ ունեցան Ոստիկանության «Երեխայի զարգացման կենտրոնի» սաների և աշխատակիցների համար:
Նպատակ ունենալով կրթություն խաղի միջոցով ձևաչափով նպաստել անվտանգության մշակույթի ձևավորմանը՝ կենտրոնի «911» մանկական թատերախումբը ներկայացրեց «Աղետիկը» բեմադրությունը, ինչպես նաև բարձր տրամադրություն փոխանցեց ժողովրդական պարերով:
Աղետների ռիսկերը ճանաչելու և աղետին ճիշտ արձագանքելու ուսուցողական բեմադրության սկզբում երեխաներին ներկայացվեցին բնական աղետները, ապա դրանց դիմակայելու և հետևանքներից պաշտպանվելու միջոցները:
ՀՀ ոստիկանության «Երեխայի զարգացման կենտրոնը», որը գործում է 1931 թ.-ից, այսօր ունի շուրջ 160 սան: Հավատարիմ մնալով ով իրազեկված է, նա պաշտպանված է կարգախոսին՝ թատերախումբը բեմադրությունը ներկայացրեց երկու անգամ, որպեսզի բոլոր երեխաները տեսնեն և սովորեն աղետների դեպքում առաջին անհրաժեշտության գիտելիքները:
ՀՀ ԱԻՆ մշակույթի կենտրոնի տնօրեն Քնարիկ Զաքարյանը նշեց, որ առաջիկայում նախատեսվում է բեմադրությունը ներկայացնել նաև նախադպրոցական այլ հաստատություններում՝ ամենախոցելի խմբում իրազեկվածության բարձրացման և դժվարին պահին հուսալի ընկերոջ՝ փրկարարի կերպարի ամրապնդման համար: