211652_close_icon
views-count2373 դիտում article-date 12:40 27-10-2018

Արարատ Միրզոյանը չի շտապում կանխատեսումներ անել Ընտրական օրենսգրքի բարեփոխումների փաթեթի սպասվելիք քվեարկության վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը չի շտապում կանխատեսումներ անել հոկտեմբերի 29-ին Ազգային ժողովի արտահերթ նիստում քննարկվելիք Ընտրական օրենսգրքի բարեփոխումների փաթեթի քվեարկության արդյունքների վերաբերյալ: Ազգային ժողովում հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցելուց հետո լրագրողների հետ զրույցում Արարատ Միրզոյանն ընդգծեց, որ չի ցանկանում քվեարկության վերաբերյալ կանխատեսումներ անել, սակայն ընդգծեց, որ այս օրերին զանազան կողմերից հավաստիացումներ և հայտարարություններ է լսում, որ բազմաթիվ պատգամավորներ պատրաստ են կողմ քվեարկել: «Արտահերթ ընտրություններ միևնույնն է լինելու են, եթե վարչապետ չընտրվի, և լինելու են այն ընտրական օրենսդրությամբ, որն այդ պահին կգործի: Կընդունեն նորը, կլինի նորով, չեն ընդունի՝ կլինի գործող օրենսդրությամբ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Միրզոյանը: Անդրադառնալով դիտարկմանը, որ Ընտրական օրենսգրքի բարեփոխումների փաթեթն Ազգային ժողովում չընդունվեց նաև այն պատճառով, որ «Ծառուկյան» դաշինքի և ՀՅԴ-ի իրենց գործընկերներից որոշ պատգամավորներ բացակայում էին, Արարատ Միրզոյանն ընդգծեց, որ ինքն ընդհանրապես բոլոր 105 պատգամավորներին համարում է իրենց գործընկերը: «Ես լիահույս եմ, որ բոլոր 105 պատգամավորների և նրանց ներկայացրած քաղաքական ուժերի մեջ կամրապնդվի գիտակցումը, որ երկիրը այլևս պետք չէ տանել ավելորդ ցնցումների, ի վերջո, պետք է լինեն խորհրդարանական ընտրություններ: Լավ կլինի, որ դրանք լինեն նոր օրենսգրքով, որովհետև առաջարկվող փոփոխություններն ավելի ժողովրդավարական են և ավելի լավ հնարավորություններ են տալիս քաղաքական ուժերին»,- նշեց ՀՀ առաջին փոխվարչապետի պաշտոնակատարը: Միրզոյանն անդրադարձավ նաև շրջանառվող լուրերին, թե Ընտրական օրենսգրքի բարեփոխումների փաթեթի քննարկման օրը ինքն անձամբ է զանգահարել տարբեր պատգամավորների. «Ես մի քանի պատգամավորի զանգել եմ նախ որպիսությունը հարցնելու, հետո նրանց դիրքորոշումը հասկանալու համար: Բայց, իհարկե, ճնշումների ոչ անգամ խնդրանքների մասին խոսք չկա: Այդ օրերին ես տարբեր պատգամավորների հետ խոսել եմ»: Ազգային ժողովը հոկտեմբերի 22-ին չընդունեց Ընտրական օրենսգրքի բարեփոխումների փաթեթը: Փաթեթին կողմ քվեարկեց 56, դեմ՝ 3 պատգամավոր: Փաթեթն ընդունելու համար անհրաժեշտ էր 63 ձայն: Դրանից հետո «Ծառուկյան» և «Ելք» խմբակցությունների նախաձեռնությամբ ստորագրահավաք սկսվեց արտահերթ նիստ հրավիրելու համար: Անհրաժեշտ ստորագրությունների քանակն ապահովվեց: ԱԺ նախագահի որոշմամբ հոկտեմբերի 29-ին հրավիրվել է ԱԺ րատհաերթ նիստ, որի օրակարգում ԸՕ բարեփոխումների փաթեթն է:

Նմանատիպ նյութեր