Բոլթոնն ասաց, թե Հայաստանն ինչպես դուրս կգա մեկ աղբյուրից կախվածությունից․ «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. «ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերի խորհրդական Ջոն Բոլթոնը հոկտեմբերի 25-ին Երևանում հայտարարել է, որ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանն առաջարկել է ձեռք բերել ամերիկյան ռազմատեխնիկա, քանի որ այն ավելի լավն է ռուսականից: Բոլթոնը հայտարարել է, որ Հայաստանն այդպիսով դուրս կգա մեկ աղբյուրից կախվածությունից: Ջոն Բոլթոնի հայտարարությունը կարելի է համարել իսկական սենսացիա այն իմաստով, որ Նահանգները առաջին անգամ խոսում է Հայաստանին սպառազինություն մատակարարելու պատրաստակամության մասին: Սակայն սա առաջացնում է հակառակ հարցը՝ իսկ Հայաստանը պատրա՞ստ է գնել ամերիկյան սպառազինություն:
Ընդ որում, պատրաստ է գնել հարցադրումն ունի երկու վեկտոր: Մեկը՝ դեպի տնտեսություն, այսինքն՝ Հայաստանն ունի՞ ավելի լավ, հետևաբար ավելի թանկ տեխնիկա գնելու հնարավորություն, և մյուսը՝ դեպի Ռուսաստան, իսկ Մոսկվան չի՞ խանդի, չի՞ զայրանա: Մյուս կողմից, սակայն, կարելի է նաև հարց տալ թե արդյո՞ք Մոսկվան տեղեկացված չէ, որ Բոլթոնը Երևանում կարող է քննարկել նաև այդպիսի հարց: Չէ՞ որ նա Կովկաս ժամանելուց առաջ եղել է Մոսկվայում, հանդիպել Պուտինի հետ: Այդ իմաստով, մեզ համար Բոլթոնի անակնկալ հայտարարությունն արդյո՞ք անակնկալ է եղել նաև Պուտինի համար:
Մյուս կողմից՝ Բոլթոնը Երևանում խոսել է այն մասին, որ Հայաստանը պետք է դուրս գա պատմական կաղապարներից և լինի ինքնիշխան, աշխարհի համար բաց, ազատ: Ակնառու է, որ ակնարկը ռուսական քաղաքականության ստվերից դուրս գալն է: Բայց ամերիկացի պաշտոնյան թերևս բավականաչափ փորձառու է՝ պատկերացնելու համար, որ օրինակ՝ սպառազինության մասին իր հայտարարությունը Ռուսաստանում կարող է զայրույթ և ըստ այդմ՝ Երևանի հանդեպ ագրեսիա առաջացնել:
Միևնույն ժամանակ, սակայն, Մոսկվայից Կովկաս ժամանած ամերիկացի պաշտոնյան գուցե շատ լավ է պատկերացնում, որ Ռուսաստանը ներկայումս չունի Հայաստանի վրա ռեալ զայրանալու ներուժ: Այսինքն՝ հայտարարություններ, դժգոհություններ կարող են լինել, բայց ռեալ քայլեր Հայաստանի դեմ չեն լինի, որովհետև Ռուսաստանը թերևս առաջին հերթին հենց ինքը կտուժի դրանից»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]