211652_close_icon
views-count1249 դիտում article-date 15:27 25-10-2018

Ոլորտի մասնագետները ներկայացրել են մաշկավեներաբանության ոլորտի նորագույն մոտեցումները

Երևանում հոկտեմբերի 22-23-ին Մաշկաբանության և սեռավարակաբանության բժշկագիտական կենտրոնի և Մաշկավեներաբանների հայկական ասոցիացիայի կողմից կազմակերպված Երկրորդ միջազգային մաշկավեներաբանական գիտագործնական համաժողովին ներկայացվել են մաշկավեներաբանության ոլորտի նորագույն մոտեցումները: Միջոցառմանը մասնակցում էին հյուրեր և մասնագետներ արտերկրից, մաշկաբաններ և կոսմետոլոգներ Երևանից ու ՀՀ մարզերից: Համաժողովի բացման խոսքում առողջապահության նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանը կարևորել է նմանատիպ միջոցառումների դերը առողջապահության զարգացման գործում, իսկ Երևանի պետական բժշկական համալսարանի հետբուհական և շարունակական կրթության գծով պրոռեկտոր Գառնիկ Ավետիսյանը, ողջունելով մասնակիցներին, ընդգծել է երիտասարդների համար գիտական կոնֆերանսների կրթական դերը: Շնորհակալություն հայտնելով հրավիրված պրոֆեսորներին իրենց տրամադրած ժամանակի համար` ՀՀ ԱՆ Մաշկաբանության և ՍՎ ԲԳԿ տնօրեն Միքայել Սահակյանը շեշտել է, որ մաշկավեներաբանական ծառայության զարգացման գործում շատ կարևոր է մասնագետների հետ շփումը և հատկապես փորձի փոխանակումը: Մաշկավեներաբանների հայկական ասոցիացիայի նախագահ Արամ Մկրտիչյանն իր ելույթում, մասնավորապես, նշել է, որ այսօրինակ հանդիպումները հնարավորություն են տալիս տեղացի մասնագետներին ծանոթանալ բշկագիտության ոլորտի նորամուծություններին, շփվել համաշխարհային ճանաչում ունեցող գիտնականների հետ, ձեռք բերել նոր գիտելիքներ և հմտություններ, որոնք օգտակար կլինեն նրանց հետագա աշխատանքում: Կոնֆերանսին զեկուցներով հանդես են եկել առաջատար մասնագետներ հետազոտողներ, պրոֆեսորներ Հայաստանից, Վրաստանից, Ռուսաստանի Դաշնությունից, Ուկրաինայից և Էստոնիայից: Ներկայացվել են ոլորտի անելիքները, ներկաների ուշադրությունը հրավիրվել է հատկապես առավել տարածված սեռավարակներից մեկի՝ քլամիդիոզի վարման խնդիրներին, հաճախ հանդիպող մաշկախտերից՝ պսորիազի, ատոպիկ մաշկաբորբի, սեբորեային մաշկաբորբի ախտորոշման և բուժման նորագույն մոտեցումներին: Եկատերինա Պրիվալովան ներկայացրել է արտերկրում լայնորեն կիրառվող մաշկի գերձայնային հետազոտման մեթոդը, մաշկաբանության մեջ և կոսմետոլոգիայում վերջինիս կիրառման առանձնահատկությունները: Ալեքսեյ Գետմանը ծանոթացրել է մեր երկրում արդեն իսկ լայն կիրառում ստացած դերմատոսկոպիկ մեթոդի առանձնահատկություններին և կիրառման նրբություններին: Գլխի մազածածկույթի խնդիրների և այդ առումով բժշկագիտության նորագույն տվյալների, խնդիրների լուծման հնարավորությունների վերաբերյալ խոսել է Օլեգ Կվլիվիձեն: Հնչել են նաև բազմաթիվ այլ հետաքրքիր, բժշկագիտության նորագույն տվյալների վրա հիմնված զեկույցներ: Նշենք, որ միջոցառումն ուղեկցվում էր դեղագործական ընկերությունների ցուցահանդեսով:

Նմանատիպ նյութեր