211652_close_icon
views-count3637 դիտում article-date 16:58 23-10-2018

«Եվրասիական շաբաթ» համաժողովը հաջորդ տարի կանցկացվի Ղրղզստանում

«Եվրասիական շաբաթ» համաժողովը հաջորդ տարի կանցկացվի Ղրղզստանում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին Երևանում անցկացվող «Եվրասիական շաբաթ» համաժողովի ընթացքում ասաց Եվրասիական տնտեսական հանձնաժողովի առևտրի հարցերով նախարար Վերոնիկա Նիկիշինան: Նրա խոսքով` հաջորդ ֆորումի կիզակետը լինելու է գյուղատնտեսությունը: «Դեռ վերջնական որոշում չկա սրա հետ կապված, բայց, ամենայն հավանականությամբ, թեման դա կլինի»,-ասաց նա՝ հավելելով, որ ամեն տարի ֆորումն անցկացվելու է ԵԱՏՄ երկրներից մեկում: Անդրադառնալով Երևանում անցկացվող համաժողովին՝ Նիկիշինան առավելապես ընդգծեց դրա շրջանակներում անցկացվող ցուցահանդեսը, որտեղ ներկայացվել են վեց կարևորագույն ոլորտներ, իսկ մասնակիցների քանակը հատել է 100-ը: «Մենք կարող ենք ասել, որ ոլորտների ընտրության հարցում չենք սխալվել: Մենք ուզում էինք, որ բիզնեսը լինի մեր ֆորումի կենտրոնում»,-նշեց նա: Նիկիշինան խոսեց նաև հավելվածի մասին, որը հնարավորություն տվեց համաժողովի մասնակիցներին ավելի հեշտ հանդիպումներ կազմակերպել, ստանալ անհրաժեշտ տեղեկատվություն: «Այդ հավելվածը բեռնել է 500 հոգի»,-ասաց նա: Եվրասիական շաբաթ առաջին ֆորումն անց է կացվել 2016 թվականին Մոսկվայում, երկրորդը՝ 2017 թվականին` Աստանայում:

Նմանատիպ նյութեր