Էդգար Ստեփանյան. Սպորտ է, ամեն բան կպատահի
Փարիզում այսօր կավարտվի հրապարակային հեծանվավազքի աշխարհի գավաթի խաղարկության առաջին փուլի մրցաշարը: Եվրոպայի այս տարվա մինչև 23 տարեկանների առաջնության հաղթող, երևանցի Էդգար Ստեփանյանը հրաշալի մեկնարկեց խմբային վազքում, հասցրեց նույնիսկ միավորներ վաստակել, հայտնում է ՀԱՕԿ լրատվական բաժինը:
Բայց միջնամասում նա անակնկալ դանդաղեց, միացավ խմբի «միջակներին» և դիմացավ մինչև մրցավազքի ավարտը:
Հեռաձայնեցինք Էդգարին:Ասաց, որ ինքը, մարզիչը և ամբողջ թիմը շատ են աշխատել մրցմանը լավ մասնակցելու համար: Հաջող է մեկնարկել, բայց անակնկալ ձախ ոտնամկանի վնասվածք է ստացել: «Սպորտ է, ամեն բան կպատահի: Բայց չեմ հուսալքվել,- ասաց Էդգարը:
- Կվերադառնամ Երևան, կբուժեմ վնասվածքը և առավել նպատակային մարզումներով կփորձեմ մրցումներում ետ բերել կորցրածը»:


