211652_close_icon
views-count2663 դիտում article-date 23:43 20-10-2018

Ամփոփվել են խաղարկային կարճամետրաժ ֆիլմերի մրցույթի արդյունքները

Երևան քաղաքի պատմության թանգարանում ամփոփվել են Երևանի քաղաքապետարանի և Հայաստանի ազգային կինոկենտրոնի կողմից կազմակերպված «Իմ Երևանը» խորագրով խաղարկային կարճամետրաժ ֆիլմերի մրցույթի արդյունքները: Մրցույթը նվիրված էր մայրաքաղաքի հիմնադրման 2800-ամյակին: Aռաջին մրցանակը շահել են « Թավիշ» (ռեժիսոր՝ Ինեսա Ավանեսովա) և «Քաղաքը ջազ է լսում» (ռեժիսոր՝ Սոնա Մնացականյան) ֆիլմերը: Երկրորդ մրցանակը ստացել է «Երևանյան» ֆիլմը (ռեժիսոր՝ Անի Հակոբյան) և երրորդ մրցանակային տեղը զբաղեցրել է «Ախմախը» ֆիլմը (ռեժիսոր՝ Արամ Ասատրյան): Մրցանակները հանձնել են Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը և Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Շուշանիկ Միրզախանյանը: Քաղաքապետի տեղակալը, կարևորելով նմանատիպ մրցույթների անցկացումը, նշել է, որ սա լավ հնարավորություն է նոր տաղանդների բացահայտման համար: «Բոլոր մրցանակակիրներին շնորհավորում եմ այս ձեռքբերման համար և մաղթում, որ ձեր հաջողությունները այսքանով չսահմանափակվեն: Գտնվելով ժյուրիի կազմում և լավ ծանոթ լինելով բոլոր աշխատանքներին՝ կարող եմ վստահորեն ասել, որ ռեժիսորներից շատերը Հայաստանը կներկայացնեն նաև միջազգային կինոփառատոներում»,- նշել է Արամ Սուքիասյանը: Հիշեցնենք, որ մրցույթին մասնակցել են հանրապետության բուհերի և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների ուսանողները՝ իրենց 7-15 րոպե տևողությամբ խաղարկային կարճամետրաժ ֆիլմերով: Մրցանակակիրներն արժանացել են նաև դրամական պարգևների և հուշանվերների: Լավագույն ֆիլմերը ներառվելու են «Իմ Երևանը» ֆիլմաշարում, ինչպես նաև ցուցադրվելու են հեռուստաընկերությունների եթերում:

Նմանատիպ նյութեր