211652_close_icon
views-count12308 դիտում article-date 14:48 05-07-2020

Լրագրությունը նաև գրականություն է, իսկ փաստավավերագրությունը` խաղարկային կինո. Kinoashkharh.am

[url=https://kinoashkharh.am/2020/07/lragrutyun-naev-grakanutyun-e-isk-pastavaveragrutyun-xaxarkayin-kino/]Kinoashkharh.am[/url]-ը գրում է. Հարցազրույց լրագրող, կինովավերագրող Վարդուհի Սիմոնյանի հետ. –[b] Որո՞նք են այն տպավորությունները, որ ձևավորել են Ձեր պատկերացումները լրագրական և գրական տեքստերի, դրանց տարբերության, ոճի և ընդհանուր առմամբ ճաշակի չափանիշների մասին: Եվ ինչպե՞ս են դրանք փոփոխվել ժամանակի մեջ:[/b] – Բավականաչափ պրովոկացիոն հարց է։ Այն մղում է մեծ ընդհանրացումների, իսկ ստեղծագործող մարդուն ուղղակի ծիծաղելի է դարձնում լայնածավալ ընդհանրացումների մեջ խոթված նրա քիթը։ Մանավանդ, որ ինձ համար չկան լրագրային և գրական տեքստի բաժանարար գծեր, ինձ հայտնի լավագույն գրողները հենց լրագրողներն են եղել։ Ավելին ասեմ, ցանկացած մեդիատեքստի, այդ թվում կինոյի գեղագիտության ու գաղափարի առնվազն 90 տոկոսը բուն տեքստն է, այսինքն՝ սցենարը։ Ահագին ժամանակ մսխվեց, որ ռեժիսորները սա հասկանան՝ համատարած վերածվելով նաև սցենարիստների՝ ահա ինչն է փոփոխվել ժամանակի մեջ՝ տեխնոլոգիաներից բացի։ Իսկ լրագրությունը մեծ առաքելություն է, և դրա համար պետք չէ այն թողնել միայն ցինիզմով տոգորված, բարոյական և էսթետիկ կրեդո չունեցող լրագրողների հույսին, որոնց վատ կրթության ու դաստիարակության պատճառով այսօր վտանգված է աշխարհի ամենահրաշալի մասնագիտությունը։ Ի միջի այլոց, փաստավավերագրությունը մեծ հաշվով հենց լրագրություն է. սա մեկ անգամ չէ, որ խոստովանել են աշխարհի հեղինակավոր դոկումենտալիստները։ Այստեղ, իհարկե, շատ կարևոր է պինդ քունը և որքան հնարավոր է` գլուխը հեռու «լրագրային» սնարից, որպեսզի սիրուն երազներ, այսինքն՝ լավ կինո մեզ այցելի։ Այս պահին ամենաանտանելի տառապանքը մեդիաքննադատներինն է, նրանք նախկին կլիշեներով այլևս չեն կարող չափել ստեղծվող մեդիաարտադրանքը. այսօր հեռուստատեսությունը, թատրոնը, ժամանակից բոլոր արվեստները, PR-ը, անգամ երեկվա լուռումունջ թանգարանները, մշակութային ամբողջ պրակտիկան կինո է։ Կինոն կանխորոշված էր լինել ապագայի լեզու և այդպես էլ եղավ։ [b]– Վավերագրողի Ձեր ճանապարհն սկսվեց հեռուստատեսությունից: Ինչ եք կարծում՝ կա՞ տարբերություն, այսպես ասած, էն գլխից՝ կրթությամբ, ժանրի բոլոր կանոններով վավերագրության և ժուռնալիստիկայի օրենքներով վավերագրված արտադրանքի միջև:[/b] -Այո, կինովավերագրողներն ունեն այդպիսի հին կոշտուկ՝ նրանք միշտ յուրօրինակ «դեդովշինա» են բանեցնում «տելեշնիկների» նկատմամբ։ Նրանք, ի տարբերություն մեզ, ավելի փայփայված տեսակ են, միշտ գործ են ունեցել ներկայանալի բյուջեի, տեխնիկայի հետ ստացվող վերջին պտուտակի, անհամար ասիստենտների ու անսահման դեդլայնի հետ։ Հեռուստագործիչներս երբեք չենք աշխատել նման կոմֆորտի մեջ, կարելի է ասել՝ մենք կինոյի անիծյալ սերունդն ենք։ Այդ հիմա` տասնամյակներ անց պարզվեց, որ հենց ճոխ լույսերի կեղծ ռետուշը, ժամերով դզած-փչած կինոպերսոններն են փչացնում վավերագրական կինոն, խաղում նրա ազնվության հետ։ Իսկ նկարահանման հրապարակը խցանվում և կաշկանդվում է այնտեղ հայտնված բազմաձայն անսամբլից։ Այսօր հեռուստատեսությունն ընդամենը կրիչ է, և ժամանակն է վերջ տալ այս կեղծ դիսկուրսին։ Ի՞նչ կապ ունի` տվյալ հեղինակի նախահայրենիքը հեռուստատեսությո՞ւնն է, թե՞, ասենք, Դովժենկոյի կինոստուդիան, կամ` այլ հանգամանքներ, եթե սույնն ուղղակի վատ է պարում։ Վավերագրական կինոն մի արկածային ճամփորդություն է, որտեղ դու ճանապարհի զգալի մասը կարող ես անցնել օպերատորի ոտքից կախված՝ երբեք վստահ չլինելով, որ սկսածդ կինոն կավարտես կամ առավելևս՝ ողջ կմնաս։ Դա ժամանակի սրտագրությունն է, զգացմունքների վավերագրությունը, և ահռելի ջանքեր են պետք, որ քո հերոսներն իրենց հույզերով կիսվեն քեզ հետ։ Հավատացեք, դա մի քանի անգամ բարդ կինո է, քան՝ խաղարկային ֆիլմը։ [b] – Ժամանակակից գեղարվեստական ֆիլմերում հաճախ տեսնում ենք գեղարվեստականի ու վավերագրականի խաչաձևումներ: Հնարավո՞ր են դրանք առանձին, ինչպե՞ս է հնարավոր վավերագրությունն առանց հեղինակային ֆիկցիայի: Կամ՝ ի՞նչ է վավերագրությունն առանց հորինվածքի՝ ֆիկցիայի:[/b] -Գիտեք, միգուցե ռիսկային ու վիճելի բան եմ ասում, բայց այսօր գեղարվեստականի ու վավերագրականի սահմանապահ պատն արդեն փլուզվել է։ Ֆիլմը լինում է բացառապես գեղարվեստական։ Այնտեղ, ուր չկա գեղարվեստ, գեղարվեստական հզոր կերպար ու պատկեր, այնտեղ ֆիլմ չկա ընդհանրապես։ էլ չեմ խոսում խաղարկային-վավերագրական սիմբիոզի մասին, որտեղ արդեն այս երկուսը պաշտոնապես ամուսնացան, և ոչ մեկն արդեն չի քննարկում, թե ով առաջինը մտավ մյուսի անկողին։ Փաստն այն է, որ այդ միությունը կայացավ։ Իսկ ո՞վ է ասել, որ վավերագրական ֆիլմը պիտի դառնա իրականության ռենտգեն. եթե այն պիտի զուտ իրականությունը պատճենի, ապա դա տեսախցիկն էլ կարող է նկարել առանց ռեժիսորի։ Կամ ինչու՞ պիտի խաղարկային ֆիլմի հեղինակը ազատորեն օգտվի գրական երկերից, խաղարկային պլաններից, արտեֆակտերից, իսկ վավերագրականի հեղինակը վիժի բոլոր այն գաղափարները, որոնց բրածո մարմինը չկա իր շրջապատում։ Առանց հեղինակային ֆիկցիայի չի կարող լինել մարդկային որևէ ստեղծագործություն։ Կինոն տեղով մեկ հենց այդ բռնությունն է, որը հեռակառավարում է մեզ, նոր թրենդ, նոր վարք ու գաղափար, նոր գեղագիտություն պարտադրում մեզ։ Վատն է այն կինոն, որ ոչինչ չի կարողանում փոխել մեր մեջ։ Վավերագրական ֆիլմ ստեղծողն այդպես սարսափելի մենակ էլ կմնար իր գաղափարների հետ, եթե չօգտվեր խաղարկային սերվիսից, իսկ խաղարկայինն էլ բաց կթողնի ժամանակի նյարդը, երբ կորցնի իր ժամանակակցի հետ հաղորդակցությունն ու հոգևոր վավերականությունը։ Դրա համար էլ նրանց միությունը միայն օրհնանքի է արժանի։ Իմիջիայլոց, կինեմատոգրաֆը միշտ իր ժամանակից է խոսում, եթե անգամ պատմական նյութ է նրա ձեռքին։ –[b] Միշտ ուզել եք կինո նկարել քո ծննդավայրի՝ Գորիսի մասին և գիտեմ, որ արդեն ընթացքի մեջ է այդ կինոն: Դժվա՞ր է մոտենալ երազանքի թեմային՝ ծննդավայր քաղաքին ու նրա մարդկանց: Ի վերջո, այս հարցում կա՞ օբյեկտիվ ճշմարտության և պատկերացումների բախման հարց: Ի՞նչ տեսակ ֆիլմ է լինելու: Մարզպետի ու քաղաքապետի երկարաշունչ սինքրոններ սպառնու՞մ են դիտողին:[/b] -Այո, մեղքս ինչ թաքցնեմ, Գորիսը նկարելն իմ սևեռուն երազանքն էր։ Բայց միշտ վախով եմ մտածել իմ այս անպատկառ ցանկության մասին, աչքս չէր ուտում այս ահռելի կինոաշխարհը, միշտ մտածել եմ, որ թափս, շունչս չի հերիքի մոտենալ այս հսկա քաղաքակրթությանը։ Գորիսն իմ ամենամեծ սերն է, դրա համար էլ տասնամյակներ շարունակ սպասում էի այն գերպրոֆեսիոնալ ռեժիսորին, որ գար, ինձ գորիսերեն ասած՝ առաջկտրոկ աներ, ու Գորիսին արժանի այնպիսի ֆիլմ նկարեր, որ ես ամոթից գետինը մտնեի գլխիցս մեծ ամբիցիաների համար։ Բայց ահա, ընդհուպ մոտեցանք Գորիս քաղաքի 150-ամյակին՝ առանց սպասված ֆիլմի։ Դա նույնն է, թե առաջվա քաղաքները ժամացույց չունենային։ Ֆիլմի առյուծի բաժինն արդեն կերել ենք և ընդհուպ հասել պոչին։ Բայց չէի ասի, թե ֆիլմի հետ կապված բոլոր վախերս հաղթահարել եմ, նույնիսկ այն բանից հետո, երբ զրուցել եմ հարյուրավոր հին ու նոր գորիսեցիների հետ, քարանձավներից պեղել ահռելի քանակի գիտական նյութ, կարդացել Գորիսի մասին երբևէ գրված բոլոր լավ ու վատ գրքերը։ Սերը նյութականացումից սարսափում է, հասկանում եմ՝ ինչու եմ սառը քրտինքով պատվում նկարահանման հրապարակում։ Ավելին չասեմ չծնված ֆիլմի մասին, ինչն արդեն պատմում ես, երբեք չես կարող լավ նկարել։ Իսկ մարզպետ ու քաղաքապետ այստեղ չկա: Նրանք չկան անգամ մեր այս ձեռնարկը հովանավորելու գործում։ Մենք կինոն սկսեցինք ժանտախտի ժամին, մեր իսկ համեստ միջոցներով։ Հետո պարզվեց, որ կա մի ուրիշ գորիսեցի կին՝ Սոնա Բալասանյանը, ով Գորիսն իմ նման, և միգուցե ինձնից էլ շատ է սիրում ու ճանաչում և պատրաստ է հոգալ մեր ծախսերի զգալի մասը։ Շատ հազվադեպ է պատահում, երբ ֆիլմի հովանավորը նաև գեղագիտական, ինտելեկտուալ բացառիկ որակներ ունի, և սա հենց այդ երջանիկ դեպքն է։ Աստված առաջ։ Մանրամասներն՝ [url=https://kinoashkharh.am/2020/07/lragrutyun-naev-grakanutyun-e-isk-pastavaveragrutyun-xaxarkayin-kino/]այստեղ[/url]

Նմանատիպ նյութեր