4659 դիտում
23:16 17-10-2018
Կրծքագեղձի և թոքերի քաղցկեղից մահացության ցուցանիշը Հայաստանում ամենաբարձրն է տարածաշրջանում. հետազոտություն
Հայաստանում մահացության դեպքերի 20%-ը բաժին է ընկնում ուռուցքներին։ Այստեղ կրծքի և թոքերի քաղցկեղով մահացության ամենաբարձր ցուցանիշն է տարածաշրջանում։ Եվ անգամ նկատվում է կրծքագեղձի քաղցկեղով հիվանդների թվի աճի միտում, գրում է [url=https://jam-news.net/?p=127099&lang=ru]JamNews[/url]-ը:
Բժիշկները զգուշացնում են, որ հիվանդությունն արտաքին դրսևորումներ չունի։ Այն ժամանակին հայտնաբերելու միջոցը պարբերաբար հետազոտվելն է։
Հոկտեմբերն աշխարհում քաղցկեղի դեմ պայքարի ամիս է հայտարարվել։ Այդ առթիվ միջոցառումներ են անցկացվում մարդկանց իրազեկվածության մակարդակը բարձրացնելու ուղղությամբ։
2017 թ-ին Հայաստանում գրանցվել է կրծքի քաղցկեղի 1118 դեպք։ Յուրաքանչյուր տարի այս ցուցանիշը կազմում է 1000-1100 դեպք, հիվանդներից 400-ին չի հաջողվում փրկել։ Օնկոլոգիական հիվանդությունների թվում կրծքագեղձի քաղցկեղը Հայաստանում շարունակում է առաջին տեղում լինել։ Ընդ որում, աճի միտում նկատվում է ոչ միայն Հայաստանում, այլ ամբողջ աշխարհում, հայտարարել է Հայ-ամերիկյան առողջության կենտրոնի ճառագայթային թերապիայի բաժնի վարիչ Հովհաննես Վարդևանյանը․
«Աշխարհում, Հայաստանում կրծքագեղձի քաղցկեղով հիվանդանալու դեպքերն անշեղորեն աճում են։ Սակայն, առաջին հերթին, պետք է հիշել, որ դա դատավճիռ չէ, և հիվանդությունը բուժվում է, հատկապես՝ նախնական փուլերում»։
Կարդացեք նաև․ Կյանք՝ քաղցկեղից հետո․ մի աղջկա պատմություն, որը հաղթահարել է հիվանդությունը և օգնում է ուրիշներին
Առավել հաճախ կրծքագեղձի քաղցկեղ հայտնաբերվում է 40 տարեկանից բարձր կանանց մոտ։ Այդ պատճառով էլ բժիշկները խորհուրդ են տալիս տարեկան երկու անգամ հետազոտություն անցնել։ Ավելի հազվադեպ հիվանդությունն առաջանում է մինչև 35 տարեկան կանանց մոտ։ Սակայն դա չի նշանակում, որ կրծքագեղձի քաղցկեղ չի կարող երիտասարդների մոտ էլ հայտնաբերվել։
Սենսացիա է դարձել այն հայտարարությունը, որ կրծքի քաղցկեղ հանդիպում է նաև տղամարդկանց մոտ, թեև՝ հազվադեպ։
Վերջին 19 տարվա ընթացքում Հայաստանում կրծքի քաղցկեղ հայտնաբերվել է 30 տղամարդու մոտ։ Սակայն բժիշկները զգուշացնում են, որ տղամարդկանց մոտ հիվանդդությունն ավելի ագրեսիվ է ընթանում, և խորհուրդ են տալիս հետազոտվել որևէ անհանգստություն զգալու դեպքում։
Կրծքագեղձի քաղցկեղի առաջացման պատճառը կարող է սթրեսը լինել, գենետիկ նախատրամադրվածությունը, վնասակար սովորությունները, կրծքագեղձի վնասվածքները։
«Հնարավոր չէ միայն մեկ գործոն առանձնացնել, ավելի հեշտ է պարբերաբար հետազոտվել հիվանդությունը նախնական փուլում հայտնաբերելու համար», – զգուշացնում է Հայ-ամերիկյան առողջության կենտրոնի բժիշկ Հովհաննես Վարդևանյանը։
Հայաստանում կրքագեղձի քաղցկեղից բացի կանանց մոտ տարածված է նաև արգանդի վզիկի և հաստ աղիքի քաղցկեղը։
Տղամարդկանց մոտ առավել հաճախ հանդիպում է թոքերի, շագանակագեղձի և հաստ աղու քաղցկեղը։ Վերջին տարիներին վահանագեղձի քաղցկեղի դեպքերի աճ է նկատվում, հատկապես՝ երիտասարդների մոտ։
Նմանատիպ նյութեր
1611 դիտում
17:45 10-12-2015
Ծերանոցում բնակվող հաշմանդամ կինը մեր օգնությամբ կարող է բուժվել կրծքագեղձի քաղցկեղից. տեսանյութ
4649 դիտում
12:39 04-12-2016
Միայն նախորդ տարվա ընթացքում աշխարհում քաղցկեղից մահացել է 8,7 մլն մարդ. հետազոտություն
Այս բաժնից
901 դիտում
13:18 24-12-2024
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով
925 դիտում
12:53 24-12-2024
Երևանում աղբահանության վճարները կհաշվարկվեն ըստ բնակարանների մակերեսի
520 դիտում
12:30 24-12-2024
Հրավառություն իրականացնող կազմակերպությունները պետք է ունենան լիցենզիա. ՆԳՆ