Ռուսաստանի հավաքականի երկու ֆուտբոլիստի նկատմամբ քրգործ է հարուցվել՝ պաշտոնյային ծեծելու համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Սկանդալային միջադեպ է գրանցվել Ռուսաստանի հավաքականի երկու խաղացողների՝ Պավել Մամաևի («Կրասնոդար») և «Զենիթի» հարձակվող Ալեքսանդր Կոկորինի մասնակցությամբ:
Մոսկվայի «Կոֆեմանիա» սրճարանում ֆուտբոլիստները ծեծել են Մոսկվայի առևտրի ոլորտի պաշտոնյա Դենիս Պակին: Ընդ որում, Կոկորինը պաշտոնյայի գլխին սեղանով է հարվածել:
Միջադեպը սկսվել է այն բանից հետո, երբ ֆուտբոլիստներն իրենց ընկերների հետ սրճարանում հարբած սկսել են աղմկել, խանգարել օբյեկտի այցելուների հանգիստը, և պաշտոնյան նրանց նկատողություն է արել: Այնուհետև ծեծին միացել է նաև Մամաևը:
Ամբողջ միջադեպը նկարահանվել է սրճարանի տեսաձայնագրող սարքերով: Մոսկվայի ոստիկանությունն արդեն քրեական գործ է հարուցել:
Բացառված չէ, որ ակումբները, որտեղ հանդես են գալիս ֆուտբոլիստները, նրանց հեռացնեն թիմից, ինչպես նաև, նրանք հեռացվեն հավաքականից:
Նշենք, որ ծեծի ենթարկված չինովնիկը ուղեղի ցնցում է ստացել և տեղափոխվել հիվանդանոց: