Ֆրանկոֆոնիայի ավանում Կանադայի տաղավարը ծանոթացնում է երկրի ուսումնական հաստատություններին
Ֆրանկոֆոնիայի ավանում Կանադան այցելուներին ներկայացնում է կրթական ոլորտում իր հնարավորությունները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ երկրի գրեթե բոլոր ուսումնական հաստատությունների մասին տեղեկություն կարելի է գտնել Հայաստանում Ֆրանկոֆոնիայի ավանում Կանադայի տաղավարից:
«Երիտասարդությունը, ուսումը մեզ համար շատ կարևոր են: Ներկայացնում ենք Կանադայի մշակութային բազմազանությունը»,- ասաց տաղավարի ներկայացուցիչը: Նա նկատեց՝ շատերն են հետաքրքրված Կանադայում ուսանելով:
Տաղավարում ներկայացված են բրոշյուրներ, որոնք տեղեկություն են տալիս երկրի ուսումնական հաստատությունների մասին: Ներկայացված է նաև գիրք, որում ընդգրկուն տեղեկություն կա Կանադայի գրեթե բոլոր ուսումնական հաստատությունների մասին:
Ուսումնական հաստատությունները ներկայացված են նաև քարտեզի միջոցով: Կանադան երկլեզու երկիր է, և այս տաղավարով ուզում են նաև, որ ժողովուրդը տեղեկանա՝ Կանադայի շատ հատվածներում են ֆրանսերեն խոսում: