4731 դիտում
19:48 30-09-2018
Արտակ Զեյնալյան. Արդարադատության նախարարությունն արժանացավ «Ոսկե բանալի» մրցանակի. ՖՈՏՈՇԱՐՔ
ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է «Տեղեկատվության ազատություն» ամենամյա մրցանակաբաշխությանը, որը կայացել է այսօր:
«Տեղեկատվության ազատություն» ամենամյա մրցանակաբաշխության ժամանակ Արդարադատության նախարարությունն արժանացավ «Ոսկե բանալի» մրցանակի՝ էլեկտրոնային հարցումների միասնական www.e-request.am կայքի ներդրման և գործարկման համար:
Այս հարթակի օգնությամբ մեր քաղաքացիները կարող են իրենց հարցումները, դիմումներն ու բողոքները էլեկտրոնային եղանակով ներկայացնել տեղեկատվություն տնօրինող պետական և տեղական ինքնակառավարման մարմիններ:
Թեև առաջին անգամ էի նախարարի կարգավիճակում մասնակցում այս միջոցառմանը, այդուհանդերձ, տեղեկատվության ազատությունը և այդ իրավունքի պաշտպանությունն իմ մասնագիտական գործունեության անբաժան և կարևորագույն մասն են եղել տարիներ ի վեր ու Ինֆորմացիայի ազատության կենտրոնի կողմից երկու անգամ արժանացել եմ «Ոսկե բանալու»՝ որպես տեղեկատվութան ազատության խախտված իրավունքի համար ամենահամառ ու հետևողական պայքարող իրավաբան:
Պատահական չէ, որ տեղեկատվության ազատությունը դարձել է սահմանադրական և կոնվենցիոն իրավունք, իսկ այդ ազատության առկայությունը՝ ժողովրդավարական հասակարության ցուցիչ:
Տեղեկատվության ազատության այս արժևորումն ի թիվս այլնի կապված է նրա հետ, որ տեղեկատվության ազատությունը նախապայման է՝ նախապայման, որ մարդիկ ունենան հնարավորություն ստանալու տեղեկություններ իրենց իրավունքներն իրականացնելու համար և տեղեկություններ իրենց իրավունքները վերականգնելու համար, տեղեկություններ իրենց հետաքրքրությունները բավարարելու համար, աշխատելու և իրենց համար բարիք ստեղծելու համար, նաև՝ տեղեկություններ իրենց անունից և իրենց համար գործող իշխանությանը, պաշտոնյային վերահսկելու համար և տեղեկություն՝ ստիպելու համար, որ այդ նույն իշխանությունները և պաշտոնյաներն իրենց հանդեպ արդար լինեն:
Տեղեկատվության ազատությունը բարեկեցության նախապայման է և մարդու այլ իրավունքների իրականացման երաշխիք:
Հետևաբար, չափազանց բարձր գնահատականի է արժանի յուրաքանչյուրի ցանկացած ջանք՝ ուղղված տեղեկատվության ազատության կայացմանը, զարգացմանն ու պաշտպանությանը: ՀՀ վարչապետի աշխատակազմը, Արդարադատության նախարարությունը և բոլոր պետական մարմիններն ամենօրյա աշխատանք են տանում տեղեկատվության ազատության ոլորտում մարդու իրավունքները երաշխավորելու, մարդկանց կողմից հայցվող տեղեկատվությունը տրամադրելու ուղղությամբ:
Տեղեկատվություն ստանալու իրավունքի առումով ուղղակի անհնար է չանդրադառնալ մեր երկրում քաղաքացիական հասարակության՝ հասարակական կազմակերպությունների, իրավապաշտպանների, ակտիվ անհատ քաղաքացիների, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների ջանքերին՝ որոնց շնորհիվ տեղեկատվության ազատության իրավունքի կիրառման պրակտիկայով Հայաստանն առաջանցիկ է շատ զարգացած երկրներից և կարող է անգամ արտահանել այս ոլորտում իր փորձը, սովորեցնել, թե ինչ է իրականում նշանակում տեղեկատվության ազատություն:
Շնորհակալ եմ բոլորին, մասնավորապես ԻԱԿ նախագահ Շուշան Դոյդոյանին՝ տեղեկատվության ազատության իրավունքը կիրառելու, պաշտպանելու և զարգացնելու համար», եզրափակել է նախարարը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+
Նմանատիպ նյութեր
1707 դիտում
19:45 13-02-2019
«Մենք դատարաններին դատող դատարաններ չենք ստեղծելու». ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյան
3415 դիտում
18:24 28-09-2016
Տեղեկատվության ազատության օրվա առթիվ «Ոսկե բանալի» ամենամյա մրցանակներ են շնորհվել
Այս բաժնից
460 դիտում
18:46 14-11-2024
Գրետա Թունբերգն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
607 դիտում
18:33 14-11-2024
Հայաստանի դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել Ուրուգվայի նախագահին
493 դիտում
18:08 14-11-2024
Կայացել է Երևանի զարգացման հնգամյա ծրագրի և տարեկան բյուջեի կառավարման խորհրդի նիստը