Տեղեկատվության ազատության օրվա առթիվ «Ոսկե բանալի» ամենամյա մրցանակներ են շնորհվել
Տեղեկատվության ազատության միջազգային օրը նշանավորելու նպատակով Երևանում տեղի ունեցավ Ինֆորմացիայի ազատության կենտրոնի (ԻԱԿ) «Ոսկե բանալի և ժանգոտ կողպեք» ամենամյա մրցանակաբաշխությունը:
«Բաց կառավարման գործընկերություն» միջազգային նախաձեռնության շրջանակում Հայաստանի գործողությունների ծրագրի հանձնառությունները լավագույն իրականացման համար «Ոսկե բանալի» մրցանակ տրվեց ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանին: Մրցանակը շնորհեց ԱՄՆ ՄԶԳ/Հայաստան ղեկավար Դեբորա Գրիսերը:
ՀՀ առողջապահության նախարարությունը ճանաչվեց ամենաբաց գերատեսչություն, որը լավագույնն է կիրառում «Տեղեկատվության ազատության մասին» օրենքը: ՀՀ առողջապահության նախարարության ներկայացուցչին «Ոսկե բանալի» մրցանակը հանձնեց Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության գործող ղեկավար Դիրք Լորենցը։
ՀՀ Վայոց Ձորի մարզպետարանի պաշտոնական կայքը՝ ճանաչվեց տեղեկատվության տրամադրման լավագույն ինտերնետային պաշտոնական կայք: «Ոսկե բանալի» մրցանակը Վայոց Ձորի փոխմարզպետ Մելս Հարությունյանին հանձնեց Հայաստանում Մեծ Բրիտանիայի արտակարգ և լիազոր դեսպան տիկին Ջուդիթ Մարգարեթ Ֆարնուորթը:
Տեղեկություն ստանալու իրավունքն ամենաակտիվ և լավագույնս օգտագործող հասարակական կազմակերպություն ճանաչվեց «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպությանը: ՀԿ-ի նախագահ Հայկուհի Հարությունյանին մրցանակը հանձնեց ՀՀ արդարադատության փոխնախարար Սուրեն Քրմոյանը:
«Տեղեկատվության ազատության մասին» օրենքն ամենաակտիվ օգտագործող լրագրող ճանաչվեց «Սիվիլնեթի» լրագրող Արման Սուլեյմանյանը: «Ոսկե բանալի» մրցանակը հանձնեց Հայաստանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավարի տեղակալ Լորետա Վիոյուն:
Ինֆորմացիայի ազատության կենտրոնը հատուկ դրական մրցանակ շնորհեց ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանին, որը քառօրյա պատերազմի ժամանակ տեղեկատվություն էր հրապարակում ֆեյսբուքյան էջում: Մրցանակը հանձնվեց Ա. Հովհաննիսյանի գործընկեր Հասմիկ Հարությունյանին:
Հիմնադրման 15-ամյակի կապակցությամբ ԻԱԿ-ը որոշեց Մրցանակաբաշխության բացասական մրցանակ՝ «ժանգոտ կողպեքի» մրցանակակիրներին չհայտարարել: