2607 դիտում
16:50 25-09-2018
Արցախի ԱԳՆ ղեկավարն ընդունել է ֆրանսիական Ալֆորվիլ քաղաքի պատվիրակությանը
Սեպտեմբերի 25-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանն ընդունել է Արցախի Բերձոր քաղաքի հետ բարեկամական հարաբերություններ հաստատած ֆրանսիական Ալֆորվիլ քաղաքի պատվիրակությանը՝ քաղաքապետ Միշել Ժերշինովիչի գլխավորությամբ։
Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության ԱԳ նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Մասիս Մայիլյանը ողջունել է պատվիրակության անդամների այցն Արցախ՝ վերաստորագրելու Բերձորի և Ալֆորվիլի միջև բարեկամության հռչակագիրը, ինչը, նրա գնահատմամբ, վերահաստատում է երկուստեք հանձնառությունը՝ խորացնելու և ընդլայնելու բարեկամական հարաբերություններն ու տարբեր ոլորտներում համագործակցությունը։
ԱԳՆ ղեկավարը գոհունակությամբ է նշել Ալֆորվիլի քաղաքային իշխանությունների ջանքերը՝ ուղղված Բերձորի հետ համագործակցության ամրապնդմանն ու Արցախի ճանաչելիության մակարդակի բարձրացմանը՝ հիշատակելով վերջերս Ալֆորվիլ քաղաքում «Ֆրանսիայում Արցախի օրեր» փառատոնի անցկացումը։
Հանդիպման ընթացքում Մասիս Մայիլյանը ներկայացրել է Արցախի արտաքին քաղաքական առաջնահերթությունները՝ անդրադարձ կատարելով նաև Արցախի միջազգային ճանաչման և ապակենտրոնացված համագործակցության գործընթացում արձանագրված ձեռքբերումներին։ Արտաքին գերատեսչության ղեկավարն ընդգծել է օտարերկրյա պետությունների հետ տարբեր մակարդակներով հարաբերությունների հաստատման և աշխարհագրության ընդլայնման կարևորությունը՝ Արցախի նկատմամբ Ադրբեջանի կողմից հետևողականորեն տարվող մեկուսացման քաղաքականությանը դիմագրավելու տեսանկյունից։ Այս համատեքստում նա նշել է, որ ամեն կերպ ձգտելով մեկուսացնել Արցախը՝ Ադրբեջանը փորձում է իր համար բարենպաստ հող նախապատրաստել՝ Արցախի դեմ նոր ագրեսիա սանձազերծելու համար, ինչը սպառնալիք է ոչ միայն երկու հայկական պետությունների, այլև ողջ տարածաշրջանի համար։
Քաղաքապետ Միշել Ժերշինովիչն իր հերթին վերահաստատել է Ալֆորվիլի քաղաքային իշխանությունների պատրաստակամությունը՝ խորացնել և ընդլայնել Բերձոր քաղաքի հետ մշակույթի, սպորտի, կրթության և տեղական ինքնակառավարման ոլորտներում համագործակցությունը՝ նշելով, որ պատվիրակության այցելությունն Արցախ լրացուցիչ առիթ է՝ քննարկել և նախանշել երկկողմ կապերի զարգացմանն ուղղված հետագա անելիքները։
Կողմերը նաև մտքեր են փոխանակել գործնական ծրագրերի իրականացման հեռանկարների և երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի շուրջ։
Նմանատիպ նյութեր
2172 դիտում
21:11 20-09-2016
Բակո Սահակյանը ընդունել է Ֆրանսիայի Ալֆորվիլ քաղաքի պատվիրակությանը
1237 դիտում
23:08 05-11-2024
Նախագահն ընդունել է հայաշատ Ալֆորվիլ քաղաքի պատվիրակությանը
Այս բաժնից
1051 դիտում
17:09 24-12-2024
Էյֆելյան աշտարակում հրդեհ է բռնկվել. տարհանվել է 1,000-ից ավելի մարդ
2856 դիտում
14:17 24-12-2024
Ամիօ բանկը բացառիկ հաջողություններ է գրանցել պարտատոմսերի շուկայում
997 դիտում
22:53 23-12-2024
Վրաստանի խորհրդարանի շենքի մոտ բողոքի հերթական ցույցն է անցկացվում