Նախարարները դիմել են վարչապետին՝ նոր կառույց ստեղծելու խնդրանքով «Փաստ»
«Փաստ» թերթը գրում է. «Արդեն չորս ամիս է՝ նախարարությունները փաստացի իրենց գործունեությանը զուգահեռ պարտադրված են ուսումնասիրել և բացահայտել իրենց ոլորտներում, նախարարություններում ու ՊՈԱԿ–ներում կոռուպցիոն սխեմաներն ու բացահայտումներ անել:
Արդյունքում, այս գործի վրա ծախսվում է մարդկային մեծաքանակ ռեսուրս ու էներգիա, ինչի հետևանքով նախարարությունների բուն գործառույթները հաճախ տուժում են կամ իրականացվում գերմարդկային ճիգերի շնորհիվ:
Ավելին, այդ գործընթացը ոչ միայն բավական աշխատատար է, քանզի այդքան էլ հեշտ չէ միանգամից որևէ փաստաթղթի նայելով՝ եզրակացություններ անել, այլև խիստ մասնագիտական ուսումնասիրության անհրաժեշտություն կա:
Հաշվի առնելով այդ բացահայտումների կարևորությունը, մեր ունեցած տեղեկություններով, մի քանի նախարարներ դիմել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ ստեղծել առանձին մարմին, ուր ներգրավված կլինեն տարբեր ոլորտների մասնագետներ, իրավաբաններ ու հատկապես ֆինանսիստներ:
Այս մարմինը կզբաղվի պետական կառույցներում կոռուպցիոն դրսևորումների բացահայտմամբ. ընդ որում, խոսքը ոչ միայն նախկին ժամանակաշրջանի մասին է, այլև ապագա հնարավոր ռիսկերը ի հայտ բերելու և կանխելու:
Իսկ ահա նախարարություններն իրենց ռեսուրսներն ու ջանքերը կներդնեն իրենց հիմնական առաքելության իրականացման գործում: Թե ինչ որոշում է այս առումով կայացրել Նիկոլ Փաշինյանը, մեր աղբյուրները դեռևս տեղյակ չեն»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]