Սաուդյան Արաբիայի թագավորն ու արքայազնը շնորհավորել են Արմեն Սարգսյանին ՀՀ անկախության տոնի կապակցությամբ
Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման բին Աբդուլազիզ Ալ Սաուդը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին՝ Հայաստանի Հանրապետության անկախության 27-ամյակի կապակցությամբ:
Սաուդյան Արաբիայի թագավորը ՀՀ նախագահին առողջություն ու երջանկություն է մաղթել, իսկ հայ ժողովրդին ու Հայաստանի կառավարությանը՝ կայուն առաջընթաց և բարգավաճում:
ՀՀ անկախության տոնի կապակցությամբ նախագահ Արմեն Սարգսյանին շնորհավորել է նաև Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազն, նախարարների խորհրդի փոխնախագահ, պաշտպանության նախարար Մոհհամեդ բին Սալման բին Աբդուլազիզ ալ Սաուդը:
Հայաստանի Հանրապետությունը և Սաուդյան Արաբիան դիվանագիտական հարաբերություններ չունեն: [url=https://armenpress.am/arm/news/947890.html]«Արմենպրես»[/url]-ի հետ զրույցում ՀՀ ԱԳ նախարարի մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը նշեց, որ նույնիսկ դիվանագիտական հարաբերություններ չունենալու պարագայում երկրների ղեկավարները միմյանց շնորհավորում են՝ ընդգծելով, որ դա նորմալ պրակտիկա է: