2955 դիտում
13:52 17-09-2018
ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը մասնակցել է Վիկտոր Համբարձումյանի 110-ամյակին նվիրված գիտաժողովին
Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայում այսօր տեղի է ունեցել Վիկտոր Համբարձումյանի 110-ամյակին նվիրված «Անկայուն երևույթներ և Տիեզերքի առաջացում» խորագրով միջազգային գիտաժողովի բացման արարողությունը, որին մասնակցել է աշխարհի 16 երկրի 67 գիտնական։
Ինչպես տեղեկացրին ՀՀ կրթության և գիտության նախարարությունից, գիտաժողովի մասնակիցներին ողջունել են ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը, Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, ՀՀ ԳԱԱ նախագահության ներկայացուցիչներ։ «Միջազգային գիտաժողովները մեզ համար շատ կարևոր են՝ փորձի փոխանակման, նորույթը ներառելու և ներկայացնելու առումով: Եվ այն միջոցառումը, որ նախատեսված է առաջիկա օրերին՝ կապված Վիկտոր Համբարձումյանի անվան հետ, կրկնակի պարտավորեցնող է: Մեծ գիտնականի անունը հաճախ ենք լսում արտասահմանյան ոչ միայն մասնագիտական, այլ նաև հումանիտար ոլորտի համաժողովների ընթացքում, որովհետև նրան մեր սահմաններից դուրս շատերն են ճանաչում: Եվ պատահական չէ, որ Վիկտոր Համբարձումյանի ծննդյան օրը՝ սեպտեմբերի 18-ը, 1996 թվականից հռչակված է որպես աստղաֆիզիկայի օր»,-նշել է նախարարը՝ ընդգծելով, որ այս փաստը ևս շեշտում է այն դերը, որ Վիկտոր Համբարձումյանն ունեցել է մեր պետության և գիտության կյանքում:
«Գիտությամբ զբաղվելը քաղաքականության նման մի բան է. եթե դու ցանկանում ես առաջընթաց և հայտնագործություններ ունենալ, ապա պետք է խիզախություն դրսևորես: Եվ մեր բոլոր գիտնականները, որոնք նշանակալի ներդրում են ունեցել գիտության մեջ, ունեցել են այդ խիզախությունը: Համբարձումյանը դրանով ևս աչքի է ընկել: Ես գիտեմ, որ ԽՍՀՄ-ի համար ծանր տարիներին ՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում, մեծ գիտնականը շարունակել է գործել, և սա լավագույն օրինակն է այն փաստի, որ պետության սոցիալական պայմաններն ամենևին էլ չեն կարող խոչընդոտ հանդիսանալ՝ գիտությամբ զբաղվելու, մեծ հայտնագործություններ անելու համար: Սա ամենևին չի նշանակում, որ պետությունը պետք է հոգ չտանի գիտության համար, բայց այս համադրումը պետք է անպայման ունենանք: Վերջերս մի հրապարակում էի կարդում այն մասին, երբ խորհրդային զորքերը մտել էին Չեխոսլովակիա, և աշխարհում խորհրդային որևէ ներկայացուցչի սուլոցներով էին դիմավորում, Վիկտոր Համբարձումյանի դասախոսություններն ու զեկույցները քար լռությամբ էին լսում, ինչը ևս խոսում է նրա մեծության մասին: Վերջինիս մասին է խոսում նաև այն փաստը, որ իր մրցանակի նկատմամբ հետաքրքրությունը գնալով մեծանում է: Առաջիկայում պետք է ջանքեր գործադրենք՝ ավելի մեծ թվով մասնակիցներ ներգրավելու և մրցանակը հանրայնացնելու համար»,-նշել է Արայիկ Հարությունյանը՝ գիտաժողովի մասնակիցներին մաղթելով արդյունավետ քննարկում:
Գիտաժողովը կազմակերպել են` ՀՀ ԳԱԱ Վիկտոր Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանը, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիան, Միջազգային աստղագիտական միության հարավարևմտյան ու Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային աստղագիտական կենտրոնը և Հայկական աստղագիտական ընկերությունը:
Նմանատիպ նյութեր
1383 դիտում
20:55 07-10-2019
Արայիկ Հարությունյանը Գերմանիայում կմասնակցի Կոմիտասի 150-ամյակին նվիրված գիտաժողովին
3919 դիտում
22:00 05-10-2016
ՀՀ մշակույթի նախարար Ա. Ամիրյանը մասնակցել է Ռուբեն Դրամբյանի ծննդյան 125 ամյակին նվիրված գիտաժողովին
Այս բաժնից
997 դիտում
16:57 23-11-2024
ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը հետևել է Նոր Հաճնի կամրջի շինաշխատանքներին
1138 դիտում
16:28 23-11-2024
Հայկ Մամիջանյանը, Տարոն Մարգարյանը և Հայկ Սարգսյանը կգործուղվեն Մոսկվա
736 դիտում
15:51 23-11-2024
Սպասվում է առանց տեղումների եղանակ, ջերմաստիճանը կնվազի