Երևանում մեկնարկում է Եվրամիության «Հորիզոն-2020» ծրագրին նվիրված տեղեկատվական օր. միջոցառմանը կմասնակցեն փորձագետներ Կիպրոսից և Լեհաստանից
Սեպտեմբերի 13-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում տեղի կունենա «Հորիզոն-2020» ծրագրին նվիրված տեղեկատվական օր:
Միջոցառման նպատակն է ներկայացնել «Հորիզոն-2020» ծրագրի Twinning և ERA Chair ենթածրագրերը, որոնք Հայաստանի ասոցացման կարգավիճակից բխող մասնակցության լրացուցիչ հնարավորություններից են:
Նախագծերի շնորհիվ հնարավորություն կլինի ավելի սերտ համագործակցություն հաստատել եվրոպական առաջատար գիտահետազոտական կենտրոնների հետ հեռանկարային գիտական ուղղություններում, ինչպես նաև իրականացնել բարեփոխումներ և կառուցվածքային փոփոխություններ՝ համաշխարհային համբավ ունեցող արտասահմանյան գիտնականների ներգրավմամբ:
Միջոցառմանը կմասնակցեն փորձագետներ Կիպրոսից և Լեհաստանից, որոնք կներկայացնեն «Հորիզոն-2020» ծրագրի Twinning և ERA Chair ենթածրագրերի այս երկրների փորձը: Սեպտեմբերի 14-ին գիտնականների համար կանցկացվի սեմինար` «Ինչպես գրել հաջող նախագծեր» թեմայով:
Միջոցառումը կազմակերպվում է ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի մասնակցությամբ ԵՄ «Հորիզոն-2020» ծրագրի «Գիտության, տեխնոլոգիաների և նորարարության ոլորտում համագործակցության ցանց Արևելյան գործընկերության երկրների համար պլյուս» (EaP Plus Project) նախագծի շրջանակներում:
[b]ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական կենտրոն[/b]