Հարված՝ ոչ թե Փաշինյանի իշխանությանը, այլ պետությանը. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ինքնին փաստը, որ գաղտնալսվել են ԱԱԾ և ՀՔԾ պետերը, այդ գաղտնալսման ձայնագրությունը հայտնվել համացանցում, պարզապես խայտառակություն է: Տեղի ունեցածը լրջագույն հարված էր ոչ թե Նիկոլ Փաշինյանի իշխանությանը, այլ Հայաստանի Հանրապետությանը: Ի վերջո, թիրախում հայտնվել են ՀՀ անվտանգության ապահովման հարցում ամենաառանցքային դեր ունեցող պաշտոնյաները:
Եվ հետո, հայտնի չէ, թե հրապարակող անանուն կողմը էլ ինչ ձայնագրություններ ունի, ինչեր կարող է հրապարակել: ՀՀ գլխավոր դատախազությունում հարուցվել է քրեական գործ: Եվ հիմա գաղտնալսում իրականացրած անձանց օր առաջ բացահայտելը պարզապես հրամայական է, այլապես կարելի է բավական հեռուն գնացող տխուր հետևություններ անել: Մանավանդ, երբ այս ձայնագրությունը համացանցում տեղադրված էր դեռ սեպտեմբերի 5-ից, բայց այդ մասին իմացվեց, երբ լրատվամիջոցները հանկարծ պարզեցին ու գրեցին:
Արթուր Վանեցյանը երեկ հայտարարեց, թե հակված չէ հավատալ, որ իրենց համակարգում դավաճաններ կան: Բայց չմոռանանք, որ Մանվել Գրիգորյանի բանտային լուսանկարը հենց ԱԱԾ բարձրաստիճան պաշտոնյայի միջոցով հայտնվեց լրատվամիջոցներում: Ուստի ամենևին բացառված չէ, որ համակարգում էլի գտնվեն այդպիսի մարդիկ, որոնք աշխատում են դեռ Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի իշխանության տարիներից և մարդկային փոխհարաբերություններ կարող են ունենալ նրանց կամ նրանց թիմի հետ»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]