211652_close_icon
views-count2527 դիտում article-date 19:05 07-09-2018

ՊԵԿ նախագահի գլխավորած պատվիրակության աշխատանքային այցը Սինգապուր շարունակվում է

Պետական եկամուտների կոմիտեի պատվիրակությունը, Սինգապուր այցելության երկրորդ օրը կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում սինգապուրյան փորձն ուսումնասիրելու նպատակով, այցելել է Կոռուպցիոն գործընթացների հետաքննության բյուրո (CPIB): Հանդիպմանը պատվիրակությանը ներկայացվել է բյուրոյի ստեղծման և կայացման պատմությունը, ինչպես նաև վերջին տասնամյակի հիմնական ձեռքբերումները, որպես առանձին անկախ պետական մարմին գործելու առավելությունները և գրանցված հաջողությունները: Սինգապուրյան գործընկերները ներկայացրել են նաև կոռուպցիոն դեպքերի հետաքննության վերաբերյալ վիճակագրական տվյալներ, կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետությունը բնութագրող ցուցանիշներ: Այնուհետև ՀՀ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպում է ունեցել Սինգապուրի հեղինակավոր՝ երկրի առաջին վարչապետ Լի Քուան Յույի անվան Հանրային քաղաքականության համալսարանի ղեկավարության հետ: Համալսարանի համատնօրեն, պրոֆեսոր Ֆրանչեսկո Մանչինիի հետ բանակցվել են հանրային կառավարման և հանրային քաղաքականության ասպարեզներում համատեղ կարճաժամկետ և երկարաժամկետ ծրագրեր իրականացնելու հնարավորությունները: Քննարկվել են Լի Քուան Յույի անվան համալսարանի և ՊԵԿ ուսումնական կենտրոնի միջև հետբուհական կրթության ոլորտում համագործակցության հեռանկարները: Համալսարանի ղեկավարությունը պատրաստակամություն է հայտնել համագործակցել նաև նշված ոլորտում մասնագիտացված ՀՀ բարձրագույն կրթական հաստատությունների հետ մագիստրատուրիայի ծրագիր կազմակերպելու հարցում: Հանդիպման արդյունքում ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ մշակելու 2018-2019թթ.ին հանրային կառավարման ոլորտում երկկողմ փոխգործակցության ապահովմանն ուղղված գործողությունների ճանապարհային քարտեզ: Պրոֆեսոր Մանչինին ընդունել է ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի՝ առաջիկայում Հայաստան այցելելու հրավերը՝ ՊԵԿ ուսումնական կենտրոնի հնարավորություններին ծանոթանալու և փոխգործակցության ծրագիր ուրվագծելու նպատակով: [b]ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին[/b]

Նմանատիպ նյութեր