4699 դիտում
20:08 05-09-2018
Վարդան Մինասյան. Ցանկանում եմ էմոցիա տեսնել, կրակ
Ազգերի Լիգայի անդրանիկ խաղարկության խմբային փուլի Հայաստան – Լիխտեյնշտեյն հանդիպմանն ընդառաջ սեպտեմբերի 5-ին Վազգեն Սարգսյանի անվան մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում տեղի ունեցավ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանի և ազգային թիմի կիսապաշտպան Արազ Օզբիլիսի նախախաղային մամուլի ասուլիսը։
[b]-Արազ, նախորդ ասուլիսի ժամանակ ասացիր, որ պետք է ուսումնասիրենք մրցակցին և նոր հետևություններ կանենք։ Արդեն մրցակցին ուսումնասիրելուց հետո ի՞նչ հետևություններ եք արել։
[/b]
-Ինչպես արդեն նշել եմ՝ թույլ թիմ չկա։ Մենք պետք է ամբողջ խաղին 100%-ով պատրաստ լինենք, որպեսզի կարողանանք հաղթել։ Մրցակցի կազմում կա արագաշարժ ֆուտբոլիստ, այդ իսկ պատճառով պետք է առավել ուշադիր լինենք հակագրոհների և ստարդարտ խաղարկումների ժամանակ։
-Ինչպիսի՞ տրամադրվածություն է տիրում թիմում։
-Երեք օր մարզումներից հետո տրամադրությունը շատ լավ է, և մենք հաղթական ենք տրամադրված։
[b]-Պարոն Մինասյան, արդյո՞ք հավաքականի բոլոր ֆուտբոլիստները պատրաստ են հանդիպումներին։
[/b]
-Վնասվածք ունի Հրայր Մկոյանը, և այդ պատճառով չի մասնակցի առաջիկա երկու խաղերին։ Ունի ծնկի վնասվածք, և հավանական է, որ առաջիկա օրերին վիրահատության կենթարկվի։ Մնացած ֆուտբոլիստները պատրաստ են խաղին։ Թիմում կա մի փոքր դիսբալանս, քանի որ ինչպես գիտեք՝ որոշները իրենց թիմերում շատ խաղաժամանակ են ստանում, իսկ որոշները՝ քիչ։ Սակայն, ընդհանուր առմամբ, գոհ եմ թիմից, և դիտելով վերջին 2-3 օրվա պարապմունքները կարող եմ նշել, որ թիմը պատրաստ է խաղին։ Կառլեն Մկրտչյանն էլ թեթև վնասվածք ուներ, այդ իսկ պատճառով խնդրել էր մարզչին չմասնակցել իր ակումբի վերջին խաղին, որպեսզի ամբողջապես պատրաստ լինի հավաքականի առաջիկա խաղին։
[b]-Նոր մրցաշար, նոր մարտահրավեր։ Թիմը ֆիզիկապես և հոգեբանորեն որքանո՞վ է պատրաստ այս մրցաշարին։
[/b]
-Հոգեբանորեն թիմին բավական պատրաստ եմ տեսնում։ Վերջին երկու ընկերական հանդիպումներից հետո նշեցի, որ նրանց աչքերում ցանկանում եմ կրակ տեսնել։ Հուսամ պարապմունքների նվիրվածությունը կտեղափոխվի խաղադաշտ։
[b]-Յուրաքանչյուր հավաքականի հայտացուցակ հրապարակելիս լինում են քննարկումներ, խնդրահարույց ֆուտբոլիստներ։ Այս անգամ հայտացուցակը կազմելիս ունեցե՞լ եք արդյոք խնդիրներ որոշ ֆուտբոլիստների՝ հավաքականին չմիանալու հետ։
[/b]
-Իմ և մեր մարզչական կազմի կարծիքով սա մեր այս պահին ունեցած լավագույն կազմն է։ Բնական է, որ լինելու են որոշ մարդիկ, որոնք դրա հետ համաձայն չլինեն։ Ինչպես ասում են՝ ինչքան մարդ, այդքան կարծիք։ Ցավոք, որոշ ֆուտբոլիստներ վնասվածքի պատճառով չմիացան մեզ, բայց մեր ձեռքի տակ եղած ֆուտբոլիստներից սա լավագույն կազմն է։
[b]-Ինչպիսի՞ մրցակից է մեզ համար Լիխտենշտեյնի հավաքականը։ Որո՞նք են նրանց ուժեղ և թույլ կողմերը։
[/b]
-Իհարկե ուսումնասիրել ենք, բայց թույլ տվեք ինձ այս պահին չբարձրաձայնել նրանց թույլ և ուժեղ կողմերը, քանի որ դա շատ արագ կարող է տարածվել և վիճակ փոխել։ Երկու օր առաջ ֆուտբոլիստների հետ ունեցած ժողովի ժամանակ մենք ասել ենք, որ այո, թղթի վրա կան վարկանիշով ավելի բարձր և ցածր թիմեր, բայց յուրաքանչյուր թիմ ունի իր ուժեղ և թույլ կողմերը։ Մեր խնդիրն է հակառակորդի ուժեղ կողմերը չեզոքացնել, և օգտվելով թույլ կողմերից՝ հասնել արդյունքի։ Ես նշել էի, որ մենք ունենալու ենք փոքրիկ եզրափակիչ, և անգամ մեկ միավորի կորուստը հետագայում կարող է շատ թանկ անդրադառնալ մեզ վրա։
[b]-Պարոն Մինասյան, նշեցիք որ կցանկանայիք Յուրա Մովսիսյանը լիներ հավաքականում, բայց չկա վնասվածքի հետ կապված։ Արդյո՞ք նրա հետ խոսել եք իր ապագայի շուրջ։
[/b]
-Ես միշտ կապի մեջ եմ Յուրայի հետ։ Վերջին անգամ մոտ 10 օր առաջ եմ զրուցել նրա հետ։ Նա մինչև վերջին պահը ակումբ էր փնտրում։ Ես նրան ասել էի, որ ակումբ գտնելու և գոնե 2 հանդիպում անցկացնելու դեպքում անպայման հրավիրվելու եմ ազգային հավաքական, ինչը եղավ Հովհաննես Համբարձումյանի դեպքում։ Ցավոք, ինչպես տեսանք, դա տեղի չունեցավ։ Սակայն դրական կողմն այն է, որ վնասվածքի ապաքինման կանխատեսված 4 ամսվա փոխարեն նա 2,5 ամսում ապաքինվել է։
[b]-Հրապարակելով հայտացուցակը՝ երկու օր հետո ևս երկու ֆուտբոլիստ միացան թիմին։ Արդյո՞ք դիտել եք Վահագն Այվազյանի խաղը, և եթե կան պատճառներ՝ ինչու՞ չի հրավիրվել հավաքական։
[/b]
-Նախ նշեմ, որ ես բոլոր հայկական ակումբերի խաղերը 3-4 անգամ դիտել եմ։ Չկա այնպիսի ֆուտբոլիստ, ով մեր աչքից վրիպել է։ Վահագն Այվազյանին էլ շատ լավ ճանաչում եմ։ Եթե մենք պետք է ֆուտբոլիստ հրավիրենք հավաքական միայն նրա համար, որ նա լավ տուգանայիններ է իրացնում, ապա վստահ եղեք, որ մենք հիմա թիմում տուգանային իրացնողի պակաս չունենք։ Իմ կարծիքով՝ նա աջ պաշտպան չէ։ Ամբողջ կարիերայի ընթացքում նա հանդես է եկել աջ կամ ձախ կիսապաշտպանի դիրքում։ Հիմա ուղղակի հանգամանքների բերումով է, որ նա խաղում է աջ պաշտպանի դիրքում։ Իսկ այդ գոտու համար ընտրված ֆուտբոլիստները իմ կարծիքով ավելի լավ կկատարեն աջ պաշտպանի գործառույթները։
[b]-Թե Դուք, թե ֆուտբոլիստները բազմիցս նշել եք, որ թույլ հավաքականներ չկան։ Ո՞րն է մեր հավաքականի ուժեղ կողմը։
[/b]
-Պետք է հույսներս դնենք ինքներս մեզ վրա։
-Հավաքականի հայտացուցակում նշված էր, որ Պետրոս Ավետիսյանը չի հայտավորվել հավաքակի կազմում վնասվածքի պատճառով, սակայն այնուհետև նա հայտավորվեց երիտասարդական թիմի կազմում։ Ինչպե՞ս կմեկնաբանեք։
- Ես Պետրոսի հետ զրուցել եմ «Փյունիկ» - «Արցախ» հանդիպումից հետո։ Նա թեթև վնասվածք էր ստացել, և փորձում էր ապաքինվել։ Վնասվածքից հետո արդեն նա ոչ մի խաղ չի անցկացրել։ Վնասվածք ասենք, թե խաղային պակաս ասենք, պատճառն ընդամենը սա է։
[b]-Այս տարվա հանդիպումները հիասթափություն էին առաջացնում երկրպագուների շրջանում։ Կտեսնե՞նք արդյոք որակապես նոր հավաքական։
[/b]
-Ես ինքս մեծ հույսեր ունեմ, որ կտեսնենք։ Կրկնեմ՝ ամեն ինչ նրանց ոտքերում և գլխում է։
[b]-Գաել Անդոնյանը չհրավիրվեց հավաքական, սակայն մի քանի օր առաջ իմացանք, որ նոր ակումբ է տեղափոխվել։ Տեղյա՞կ եք այդ փաստից, և արդյոք դիտե՞լ եք նրա հանդիպումները։
[/b]
-Գիտենք, որ տեղափոխվել է անգլիական ակումբի մինչև 23 տարեկանների թիմ։ Ես նրան էլ եմ ասել, որ մեծ ներուժով ֆուտբոլիստ է, ով կարող է խաղալ ավելի ուժեղ ակումբներում։ Սակայն նա դեռ ոչ մի հանդիպում չի անցկացրել, և խաղաժամանակի խնդիր ունի։
[b]-Ծանո՞թ եք արդյոք ֆեդերացիայի նոր նախագահի թեկնածուին, և ինչպե՞ս կամփոփեք Ռուբեն Հայրապետյանի պաշտոնավարումը։
[/b]
-Ծանոթ եմ նրան մամուլում եղած հրապարակումներից։ Ամփոփման համար էլ կարծում եմ սխալ հասցեով եք հարցն ուղղում։ Եկեք խոսենք վաղվա հանդիպման մասին։
[b]-Հավաքականում խնդրի ժամանակ շատերը ելքը տեսնում են արտասահմանյան ակումբներով հանդես եկող հայազգի ֆուտբոլիստներում։ Ի՞նչ է պետք անել, որ շեշտը ավելի դրվի հայաստանյան թիմերում հանդես եկող ֆուտբոլիստների վրա։
[/b]
-Դուք լայնածավալ հարց տվեցիք։ Եկավ ժամանակ, երբ ազգային և երիտասարդական թիմերի կապը մի փոքր կտրվեց։ Եթե հիշում եք, երբ ես 2010 թվականին գլխավորեցի ազգային հավաքականը, միանգամից 13 ֆուտբոլիստի բերեցի ազգային թիմ։ Հենց այս պահին էլ կան ֆուտբոլիստներ, ովքեր կարող էին լինել մեր թիմում, ուղղակի ինչպես գիտեք մեր երիտասարդական թիմը նույնպես խաղեր ունի Ավստրիայում և Մակեդոնիայում։ Կարծում եմ, այս պահին նրանք երիտասարդական թիմում ավելի պետք կգան։
[b]-Կարծիք կա, որ առաջնությունում հայ երիտասարդ ֆուտբոլիստների առաջխաղացման համար պետք է ներքին առաջնությունում լեգեոներների սահմանափակում մտցվի։ Ինչպե՞ս եք վերաբերում այդ հարցին։
[/b]
-Քննարկելու թեմա է։ Կա երկու ճանապարհ. կամ ֆեդերացիան սահմանափակում է դնում, կամ այդ հարցը թողնվում է ակումբների քաղաքականության վրա։ Այս և հաջորդ առաջնությունում սահմանափակումը բացառվում է, քանի որ մեծ թվով լեգեոներներ արդեն կնքած պայմանագրեր ունեն, և դա խնդիրներ կառաջացնի։ Բայց կրկնեմ՝ այդ հարցը շատ մանրակրկիտ ուսումնասիրման կարիք ունի։
Նմանատիպ նյութեր
1615 դիտում
11:01 26-03-2014
Բնապահպանների ակցիան ոչ մի դրական էմոցիա չի առաջացնում․ Հրապարակ
Այս բաժնից
1891 դիտում
21:53 20-11-2024
Գասպար Տերտերյանը՝ Ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության չեմպիոն
1732 դիտում
21:32 20-11-2024
Հրաչյա Պողոսյանը բրոնզե մեդալ է նվաճել
1867 դիտում
20:32 20-11-2024
Սուրեն Աղաջանյանը` Ըմբշամարտի զինվորականների աշխարհի չեմպիոն