211652_close_icon
views-count1776 դիտում article-date 21:58 21-03-2015

ՀԱԱՀ և Գլաձոր համալսարանը 4, իսկ Հյուսիսային համալսարանը 2 տարով ինստիտուցիոնալ հավատարմագրում են ստացել

Այսօր տեղի ունեցավ «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի հավատարմագրման հանձնաժողովի նիստ, որտեղ որոշում կայացվեց երեք բարձրագույն ուսումնական հաստատությունների ինստիտուցիոնալ հավատարմագրում շնորհելու վերաբերյալ: Հանձնաժողովի որոշմամբ Հայաստանի ազգային ագրարային համալսարանին և Երևանի «Գլաձոր» համալսարանին շնորհվեց ինստիտուցիոնալ հավատարմագրում 4 տարի ժամկետով, իսկ Հյուսիսային համալսարանին` պայմանական ինստիտուցիոնալ հավատարմագրում 2 տարի ժամկետով: Յուրաքանչյուր բուհի համար տեղի ունեցավ առանձին քննարկում, որտեղ հավատարմագրման գործընթացն իրականացրած փորձագիտական խմբի ղեկավարը ներկայացրեց բուհի ուժեղ և թույլ կողմերը, փորձագիտական խմբի տված խորհրդատվությունները և գնահատականը բուհի`փորձագիտական զեկույցում նշված թերությունների վերացման գործողությունների ծրագրին: Իրենց տեսակետը հայտնելու և հանձնաժողովի հարցերին պատասխանելու հնարավորություն տրվեց նաև բուհերի ներկայացուցիչներին: Այնուհետև դռնփակ նիստում հանձնաժողովը որոշում կայացրեց: Հավատարմագրման կարգի համաձայն`4 տարով հավատարմագրում ստացած բուհերը երկու տարին մեկ պարբերականությամբ պետք է ինստիտուցիոնալ ներքին գնահատում իրականացնեն և արդյունքները ներկայացնեն ՈԱԱԿ: Իսկ պայմանական հավատարմագրում ստացած բուհերը 6 ամիսը մեկ ՈԱԱԿ-ին հաշվետվություն պետք է ներկայացնեն փորձագիտական զեկույցում նշված թերությունների վերացման աշխատանքների մասին: Հավատարմագրման նպատակն է որոշել, թե որքանով են կրթական ծառայությունները կամ կրթության արդյունքները համապատասխանում սահմանված նպատակներին և որքանով են դրանք համարժեք հասարակության պահանջներին, ՀՀ կառավարության կողմից հաստատված չափանիշներին և գերակա ուղղություններին: Հավատարմագրման հանձնաժողովն առաջիկայում որոշում կկայացնի նաև հավատարմագրման գործընթացն անցած մյուս բուհերի վերաբերյալ: Ավելի վաղ ՈԱԱԿ հավատարմագրման հանձնաժողովն որոշում էր կայացրել ևս երեք բուհերի ինստիտուցիոնալ հավատարմագրման վերաբերյալ`ԵՊՀ-ին շնորհելով 6, իսկ ԵՊԲՀ-ին և ՀԱՊՀ-ին`4 տարով հավատարմագրում:

Նմանատիպ նյութեր