Քոչարյանի «առաջխաղացումն» ամբողջությամբ կախված է ներկա կառավարության աշխատանքի արդյունքներից․ «Առավոտ»
«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Ռոբերտ Քոչարյանը ոչ միայն վերադառնում է քաղաքականություն, այլև պատրաստվում է մասնակցել առաջիկա խորհրդարանական ընտրություններին: Դա, իմ կարծիքով, ողջունելի քայլ է՝ անկախ նրանից, թե ով ինչպես է այդ գործչին վերաբերվում: Դա լավ «թեսթ» է, որի միջոցով երկրորդ նախագահը կկարողանա ստուգել, թե ինչպիսին է իրականում իր վարկանիշը: Առաջիկա ընտրություններում նա չի ունենա վարչական լծակներ, չի կարողանա ոչ մեկին սպառնալ կամ ճնշել, չի կարողանա լրատվամիջոց փակել, նաև՝ չի կարողանա ընտրակաշառք բաժանել: Հետևաբար, այն ձայները, որոնք կհավաքի Քոչարյանն առաջիկա խորհրդարանական ընտրություններում, կլինեն նրա «հալալ» ձայները՝ այն, ինչին նա արժանի է: Փորձարկման մաքրության համար նա պետք է անձամբ առաջնորդի նախընտրական ցուցակը, որպեսզի այլ անձնական գործոններ դեր չխաղան:
Որքան ես շփվում եմ հասարակ մարդկանց հետ, երկրորդ նախագահի հասցեին, բացի հայհոյանքներից և անեծքներից, ուրիշ գնահատականներ չեմ լսում: (Համենայնդեպս, վերապահում անեմ՝ այդ մարդիկ «ապակուսակցական» են, ՀՀՇ-ական չեն՝ Տեր-Պետրոսյանին նրանք վերաբերվում են գրեթե նույն ձևով): Ի տարբերություն շարքային քաղաքացիների, պաշտոնյաների և գործարարների մի մասը դրական վերաբերմունք ունի Քոչարյանի հանդեպ: Որքան հասկանում եմ, նրա իշխանության օրոք գոյություն ուներ հստակ կոռուպցիոն մեխանիզմ՝ ով, ում, երբ և ինչքան պետք է «մուծվի»՝ մեխանիզմ, որը հաջորդ տասնամյակի ընթացքում թեև պահպանվեց, բայց` ձևախեղվեց, ինչը և առաջացրեց հիշյալ գործարարների ու պաշտոնյաների դժգոհությունը:
Մինչև վերջին ժամանակներս ես վստահաբար կկանխատեսեի, որ Քոչարյանի ղեկավարած կուսակցությունը կամ շարժումը չի կարողանա հաղթահարել ընտրողների ձայների 4-6 տոկոսանոց շեմը: Այս պահին ես նույն վստահությունը չունեմ: Նախ՝ երկրորդ նախագահի քաղաքականություն վերադառնալու խթան դարձավ նրա դեմ հարուցված գործը, որը բարոյական և քաղաքական առումով միանգամայն արդարացված է, բայց իրավական տեսակետից, իմ կարծիքով, խոցելի է: Հատկապես Քոչարյանին «բռնել-բաց թողնելն» է այդ ամենի համար հող նախապատրաստել:
Իսկ երկրորդ նախագահի հետագա «առաջխաղացումն» ամբողջությամբ կախված է ներկա կառավարության աշխատանքի արդյունքներից՝ նախևառաջ տնտեսական ոլորտում և Արցախի հարցում: Որքան շատ ժամանակ անցնի, այնքան այս երկու բնագավառներում առաջընթացի բացակայությունը դժվար կլինի բացատրել նախկինից մնացած «ծանր ժառանգությամբ»:
… 1998 թվականի մարտին, երբ Քոչարյանն իշխանության էր գալիս ՀՀՇ-ի դեմ ծավալված հիստերիայի ֆոնի վրա, հեռուստաբանավեճի ժամանակ ես ենթադրեցի, որ եթե կես տարուց Սյունիքի մարզում խոտը ժամանակին չհնձեն, դրանում կմեղադրեն առաջին նախագահին»:
[b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։[/b]