4293 դիտում
13:56 30-08-2018
Քաղաքացուն, ոչինչ չասող պատասխանի փոխարեն, դատարկ թուղթ ուղարկելն ավելի բարոյական է և ողջամիտ․ Aravot.am
[url=https://www.aravot.am/2018/08/30/977753/]Aravot.am[/url]-ը հրապարակել է «Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ նախագահ Կարեն Հեքիմյանի հոդվածը։
Քաղաքացու և վարչական մարմինների փոխհարաբերությունները կարգավորվում են մի շարք օրենքներով: Այս ոլորտի իրավահարաբերություններում հստակ է, որ վարչական մարմինները պարտավոր են ամեն կերպ օժանդակել քաղաքացիներին, առավել ևս պատասխանել նրանց կողմից ներկայացրած գրություններին: Օրենսդրորեն սահմանված է, որ պատասխանները պետք է տրվեն համապատասխան ժամկետում: Դա նորմալ է: Սակայն կա խնդիր, որի մասին առայժմ չի բարձրաձայնվել:
Քննարկվող ոլորտը կարգավորող օրենսդրությունը լռում է այն մասին, թե ի՞նչ բովանդակություն պետք է ունենան վարչական մարմինների պատասխան գրությունները: Կարո՞ղ է արդյոք, ի պատասխան քաղաքացու գրության, իրեն ուղարկվի գրության հետ որևէ կապ չունեցող պատասխան և ինչքանո՞վ դա կլինի իրավաչափ: Մեր օրենսդրությունն այս հարցին պատասխան չունի և հետևաբար խնդիրն անկառավարելի է:
Քաղաքացին կարող է իր իրավունքները վերականգնել միայն այն դեպքում, երբ վարչական կառույցն անտեսել է իր գրությունը և չի պատասխանել դրան սահմանված ժամկետում: Նման դեպքում, քաղաքացու կողմից, վարչական դատավարության օրենսգրքի սահմանված կարգով, վիճարկվում է վարչական մարմնի անգործությունը, իսկ եթե անտեսվում է քաղաքացու՝ տեղեկատվություն ստանալու իրավունքը, ապա վերջինիս կողմից դատարան կարող է ներկայացվել պարտավորեցնող հայցապահանջ:
Իսկ ի՞նչ անի քաղաքացին, երբ նրա գրությանը վարչական մարմինը պատասխանել է՝ գրության հետ առնչություն չունեցող գրությամբ կամ էլ, «Հայփոստ»-ի միջոցով, բառացիորեն դատարկ թուղթ է ուղարկվել: Ի դեպ, մի քանի տարի առաջ, ես՝ ի պատասխան ՊԵԿ-ին հասցեագրված գրությանը, ստացա Ա4 ձևաչափի դատարկ թուղթ: Հասկանալով հանդերձ, որ պատասխան դատարկ թղթերի քաղաքականությունը ռիսկային է և չի կարող զանգվածային բնույթ ունենալ, այնուամենայնիվ, փաստում եմ, որ երբեմն վարչական մարմինների կողմից այն կիրառվում է:
Ինչ վերաբերում է, քաղաքացիների գրությունների այն պատասխաններին, որոնք անբովանդակ են կամ էլ որևէ կերպ չեն առնչվում գրության բովանդակության հետ, ապա դրանք օրեցօր շատանում են: Արդյունքում ստացվում է, որ վարչական մարմինն առերևույթ պատասխանել է քաղաքացու գրությանը, սակայն պատասխանի բովանդակությունը որևէ կապ չունի գրության հետ: Այս դեպքում, քաղաքացին զրկվում է վարչական դատավարության օրենսգրքով սահմանված, վարչական մարմինների անգործությունը վիճարկելու, ինչպես նաև պարտավորեցման հայցապահանջներ ներկայացնելու իր իրավունքից, քանզի վարչական մարմինը, օրենքով սահմանված ժամկետում, պատասխան է ներկայացրել, հետևաբար անգործություն չի ցուցաբերել, գործողություն իրականացնելու պարտավորեցման խնդիր չկա, սակայն քաղաքացու գրությունը մնում է անպատասխան:
Խնդրի առնչությամբ կարելի է բազմաթիվ օրինակներ բերել: Մասնավորապես, քաղաքացին դիմում է ՀՀ վարչապետին, խնդրելով իրավական գնահատական տալ ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության աշխատակազմի ղեկավարի N ներքին իրավական ակտին: Պատասխան գրությունը ստանում է նախարարության աշխատակազմի ղեկավարից, որտեղ բառացիորեն մեջբերված է այն իրավական ակտը, որի իրավական գնահատականը քաղաքացին ակնկալում էր ստանալ վարչապետից: Եվ վերջ: Որևէ գնահատականի մասին խոսք չկա:
Մի այլ օրինակ, քաղաքացին խնդրանքով դիմում է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն և փոխարենն այդ խնդրանքին դրական կամ բացասական պատասխան տրվի, նախարարության աշխատակիցը՝ պատասխան գրության մեջ ներառում է այն, ինչն իրականացվել է քաղաքացու կողմից իրավական և սոցիալական ոլորտում: Այսինքն, քաղաքացուն գրել են այն, ինչն ինքը գիտի և որևէ կերպ չեն արձագանքել խնդրանքին:
Անձամբ ինձ համար, չկա որևէ տարբերություն դատարկ թղթի և այդօրինակ պատասխանների միջև: Ավելին, կարծում եմ, որ քաղաքացուն, ոչինչ չասող պատասխանի փոխարեն, դատարկ թուղթ ուղարկելն ավելի բարոյական է և ողջամիտ:
Օրինակները բազմաթիվ են և վերաբերում են բոլոր վարչական կառույցներին: Օրենսդրությունը չի կարգավորում ոլորտը, իսկ վարչական մարմինների աշխատակիցներն օգտվում են դրանից: Արդյունքում ունենում ենք վատնված միջոցներ, բազմաթիվ հիասթափված քաղաքացիներ և չլուծված խնդիրներ:
Ամբողջական հոդվածն՝ [url=https://www.aravot.am/2018/08/30/977753/]այստեղ[/url]։
Նմանատիպ նյութեր
2826 դիտում
15:06 15-12-2016
Քաղաքացիների բարձրացրած խնդիրների վերաբերյալ ոչինչ չասող պատասխան գրությունները վերադարձվելու են կատարման
16410 դիտում
16:25 24-04-2018
Էրդողանն ապրիլի 24-ին հերթական ոչինչ չասող ուղերձն է հղել պոլսահայերին
Այս բաժնից
640 դիտում
08:42 19-11-2024
Արդյո՞ք Հռոմի ստատուտին անդամակցությունը որևէ օգուտ է տալու Հայաստանին․ «Փաստ»
1018 դիտում
08:33 19-11-2024
Գնել Սանոսյանը Փաշինյանի հետ խնջույքի է մասնակցել, հետո դիմում գրել. «Ժողովուրդ»
1072 դիտում
22:11 16-11-2024
Ուզում ես ոչնչացնել հայերի ինքնությունը, զրկիր իրենց Արարատի ինքնության սիմվոլիզմից․ Էդուարդ Աբրահամյան