Դենը լուրջ չէ, բայց ցասում էլ չպիտի առաջացնի․ «Առավոտ»
«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Հայաստան այցելած և Հայաստանի քաղաքացիություն ստացած ամերիկացի միլիոնատեր Դեն Բիլձերյանին դժվար է բնութագրել որպես օրինակելի անձնավորություն: Նա իր կարողությունը կերտել է պոկեր խաղալով, այսինքն՝ ղումարբազությամբ՝ մի զբաղմունք, որը, վստահ եմ, խիստ մերժելի է: Դենի մնացած նախասիրությունները՝ աղջիկները, ալկոհոլը, էքստրիմալ մարզաձևերը, ի վերջո, նրա անձնական գործն են: Դենի հայրը՝ Փոլ Բիլձերյանը, որը նույնպես ժամանել է Հայաստան և որն արդեն մի քանի տարի է՝ ունի հայկական քաղաքացիություն, «թրեյդերություն» էր անում Ուոլ-սթրիթում և, ըստ մամուլի որոշ հրապարակումների, ժամանակին դատապարտվել էր մեքենայությունների համար: (Թրեյդերը փողի և ապրանքների առևտրական է, որը գործում է բացառապես սեփական նախաձեռնությամբ):
Պարզ է, որ Դենի նման մարդկանց համար ամեն ինչը «շոու» է, PR, «համացանց քցելու» և հետևորդներ վաստակելու սյուժե: ՀՀ քաղաքացիություն ստանալը և մեր զինկոմիսարիատում հաշվառման կանգնելն այդ առումով հավասարազոր է զինատեսակների տեսականու կամ բյուր մոդելների հետ նկարվելուն (ի դեպ, նա Հայաստան էր եկել մոդելներից մեկի հետ): Ուստի «պոկերի արքայի» գալուն պետք չէ վերաբերվել որպես ինչ-որ լուրջ հայրենասիրական քայլի: Բայց, մյուս կողմից, դա չպիտի դժգոհություն, բողոք կամ առավել ևս՝ ցասում առաջացնի: Զբոսաշրջիկը օրինական ձևով ժամանել է Հայաստան, ներկայացրել է օրենքով նախատեսված փաստաթղթեր, ստացել է քաղաքացիություն (ինչպես և եղբայրը՝ Ադամը, որը նույնպես «պոկերիստ» է), նաև օրենքի տառին համապատասխան հաշվառման է կանգնել զինկոմիսարիատում:
Նման մարդկանց գալն օգտակար է մեր երկրում այդ զբոսաշրջությունը զարգացնելու առումով՝ թեկուզ այն պատճառով, որ Դեն Բիլձերյանը «ինսթագրամում» 23,5 միլիոն, իսկ «թվիթերում»՝ 1,47 միլիոն հետևորդ ունի: Ուրեմն, այդ հետևորդները ևս մեկ անգամ կլսեն Հայաստանի մասին՝ վստահ եմ դրական համատեքստով: Այդ տեսանկյունից Դենը համեմատելի է Քիմ Քարդաշյանի հետ, որի այցը նույնպես մեր երկրին որոշակի օգուտներ բերեց: Նրանց և Սերժ Թանկյանի հետ համեմատությունն, ինձ թվում է, տեղին չէ, որովհետև ռոք-երաժիշտն արժեքներ է ստեղծում, ոչ թե պարզապես բարձրաշխարհիկ «տուսովկայի» անդամ է:
Լավ է, որ Դենը Արցախ է գնացել՝ դա ևս մեկ անգամ Արցախի անունը կհնչեցնի աշխարհում: Ավելի լավ կլինի, եթե Ադրբեջանի ԱԳՆ-ն նրան «սև ցուցակ» մտցնի, քանի որ դա ևս մեկ անգամ ցույց կտա հարևան երկրի խավարամտությունը: Արցախի Հանրապետություն տարբեր մարդիկ են այցելում: Էդուարդ Լիմոնովը կամ Գերման Ստերլիգովը նույնպես իրենց հայրենիքում ոչ միանշանակ համբավ ունեն, բայց նրանց այցելությունն Արցախ, իմ կարծիքով, օգտակար էր»:
[b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։[/b]