Ի՞նչ լուծում կստանա Նուբարաշենի աղբավայրի հարցը. Կամո Արեյանը պարզաբանել է
Արդեն 2 օր է, ինչ Նուբարաշեն վարչական շրջանի բնակիչները բողոքի ակցիա են անցկացնում. փակել են մայրուղին պահանջում են վերացնել գարշահոտությունը։ Որպես խնդրի ժամանակավոր լուծում՝ առաջարկում են աղբը դուրս բերել հարակից ձորը և այնտեղ ծածկել հողով։
Բողոքի ակցիայի մասնակիցները հասել են նաև Երևանի քաղաքապետարան՝ փորձելով խնդրի վերաբերյալ լուծումներ ստանալ քաղաքապետարանից։ Նրանց ընդունել է Երևանի քաղաքապետի պաշտոնակատար Կամո Արեյանը։
Նա համաձայնեց բոլոր մտահոգությունների հետ՝ նշելով, որ աղբավայրն, իսկապես, վտանգ է ներկայացնում թե բնապահպանական, թե առողջության, թե քաղաքաշինական և թե հողերի աղտոտման տեսանկյուններից:
«Աղբավայրը լինելու է պարսպապատված, լուսավորության համակարգով հագեցած, ընդունիչ կետով, պահակային ծառայությամբ, կշեռքով: Ամբողջ ստորգետնա տարածքը դառնում է դրենաժային համակարգ, որպեսզի ջրերը չկուտակվեն, չաղտոտեն տարածքը, հոտի տարածում չլինի: Բացի այդ, ամբողջ հատակը ջրամեկուսացվում է՝ հողերը հետագա աղտոտումից փրկելու համար: Իսկ հիմա աղբավայրի ջրերը հոսում են մինչև Էրեբունի ու լցվում ջրանցքը: Աղբավայրն ունենալու է նաև պարտադիր ցողման և հողածածկման աշխատանքներ: Յուրաքանչյուր ընդունունից հետո պետք է տոփանվի աղբը, ցողվի ջրով, որպեսզի հոտի խնդիրը վերանա: 28 հա վրա պետք է կառուցվի աղբավայրը: 1-2 տարվա ընթացքում կմեկնարկի ծրագիրը: Այսինքն՝ այս ամենը առնվազն 2 տարի կտևի»,-ասաց Արեյանը: