40626 դիտում
18:48 20-08-2018
Վալերիյ Օսիպյանի հրամաններով պրոֆեսիոնալ ոստիկանը իր դիմումի համաձայն ուղարկվել է թոշակի, մեկ այլ պրոֆեսիոնալ էլ նշանակվել է 6-րդ գլխավոր վարչության պետ
Սյսօր՝ օգոստոսի 20-ին, ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը հրամաններ է ստորագրել։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Վ. Օսիպյանի հրամանով իր դիմումի համաձայն աշխատանքից ազատվել է ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ, ոստիկանության գնդապետ Սամվել Ասատրյանը։
ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով՝ ոստիկանության գնդապետ Արսեն Այվազյանը ազատվել է ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետի պաշտոնից։
Վ. Օսիպյանի մեկ այլ հրամանով՝ Ա. Այվազյանը նշանակվել է ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի (6-րդ) գլխավոր վարչության պետ։
ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով՝ Արտակ Կարապետյանն ազատվել է ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի (6-րդ) գլխավոր վարչության պետի պաշտոնից և Վ. Օսիպյանի մեկ այլ հրամանով նշանակվել է ոստիկանութան քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ քրեական հետախուզության գլխավոր վարչության նախկին պետ Ս. Ասատրյանը երկար տարիներ աշխատել է ոստիկանության համակարգում, համարվում էր իր գործի գիտակ, պրոֆեսիոնալ, համակարգում նրան ճանաչում էին որպես հմուտ ոստիկան, ով բազմաթիվ աղմկահարույց, մեծ հնչեղություն ստացած հանցագործություններ է բացահայտել և թոշակի անցնելու կապակցությամբ իր դիմումի համաձայն է ազատվել ոստիկանությունից։
Ոստիկանական համակարգում մեծ հեղինակություն ունի նաև 6-րդ գլխավոր վարչության պետ նշանակված Ա. Այվազյանը, ով ոչ միայն համարվում է բարձրակարգ մասնագիտական հմտություններով հարուստ ոստիկան, այլ նաև պրոֆեսիոնալ քննիչ է եղել։
Ա. Այվազյանն էլ Արմավիր քաղաքի պատվավոր քաղաքացու կոչում ստացավ այն բանի համար, որ Արմավիրի «Մանուշակ» մանկապարտեզում կարողացավ բանակցությունների արդյունքում փրկել հոր կողմից պատանդ վերցված երեխայի կյանքը։