211652_close_icon
views-count1316 դիտում article-date 14:10 17-08-2018

ԲԸՏՄ ղեկավարը դիմել է Բնապահպանության նախարարին՝ առաջարկելով ժամանակավորապես բացառել որսի թույլտվության տրամադրումը։

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարը արձագանքել է Բնապահպանության նախարարի «Որսի համար նախատեսված 2018-2019 թվականների համար օգտագործման թույլատրելի չափաքանակների և որսի ժամկետները սահմանելու մասին» 31 հուլիսի 2018թ. N229-Ն հրամանին՝ առաջարկելով ժամանակավորապես բացառել որսի թույլտվության տրամադրումը մինչև ոլորտում առկա հարցերի վերաբերյալ օրինական և ընդունելի լուծումներ գտնելը։ Նախարարին ուղղված նամակում մասնավորապես ասված է․ «ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը գտնում է, որ գործող օրենսդրության և ձևավորված պրակտիկայի պայմաններում Հայաստանում իրականացվող ցանկացած որս անթույլատրելի է և պետք է արգելվի: 1. Որսորդությամբ զբաղվող քաղաքացիներին մոլորության մեջ չգցելու համար առաջարկում եմ դիտարկել ՀՀ բնապահպանության նախարարի 31 հուլիսի 2018թ. N229-Ն հրամանը վերանայելու հնարավորությունը, քանի որ ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը, օրենքով իրեն վերապահված լիազորություններն իրականացնելիս, պարտավոր է առաջնորդվել ՀՀ օրենսդրության պահանջներով և որսի ցանկացած դրսևորում դիտարկել որպես ապօրինի որս՝ դրանից բխող բոլոր իրավական հետևանքներով: Նշված դիրքորոշումը հիմնված է հետևյալ իրավական և պրակտիկ հիմնահարցերի վերլուծության վրա՝ ա) «Որսի և որսորդական տնտեսության վարման մասին» ՀՀ օրենքի համաձայն` որս անելու իրավունք ունեն միայն այն անձիք, ովքեր օրենքով սահմանված կարգով հանձնել են որսորդական մինիմում և օրենքով սահմանված կարգով ստացել որս կատարելու անհրաժեշտ փաստաթղթերը: Որս կատարելու անհրաժեշտ փաստաթղթերն են՝ • Որսորդական վկայականը • Կենդանիների որսի թույլտվությունը • Որսորդական զենք կրելու վկայականը Նույն օրենքի համաձայն` Հայաստանի Հանրապետության տարածքում կարող է գործել միայն լիազոր մարմնի (ՀՀ բնապահպանության նախարարության) սահմանած միասնական ձևի որսորդական վկայական, որն էլ հաստատված է ՀՀ բնապահպանության նախարարի 20 դեկտեմբերի 2007թ. N 470-Ն հրամանով: բ) Որսորդական մինիմումը սահմանում է ՀՀ կառավարությունը, որը հանձնելու համար քննությունն ընդունում է ՀՀ բնապահպանության նախարարության ստեղծած մասնագիտական հանձնաժողովը՝ նպատակ ունենալով հավաստիանալ, որ որսորդ դառնալու հայտ ներկայացրած անձիք տեղյակ են որսորդական տնտեսության վարման, որսի կենդանիների և որսահանդակների պահպանության, պաշտպանության, կայուն օգտագործման վերաբերյալ նվազագույն հարցերի մասին: Հարկ է նշել, որ ներկայումս Հայաստանում որսով զբաղվող որևէ անձ, սույն կարգին համապատասխան քննություն չի հանձնել, համապատասխան որսորդական վկայական չի ստացել և գործող օրենսդրության համաձայն որս կատարելու իրավունք չունի: Սահմանված կարգով ստացված որսորդական վկայականի բացակայության պայմաններում անձի կողմից իրականացված որսը ցանկացած դեպքում համարվում է ապօրինի, և կենդանական աշխարհին պատճառվող վնասը պետք է հաշվարկվի ապօրինի որսի համար սահմանված չափով: Մտահոգությունն այն է, որ ձևավորված պրակտիկայի համաձայն, քաղաքացիները «որսորդ» համարվելու, որսորդական զենքեր ձեռք բերելու և որս կատարելու իրավունք են ստանում ընդամենը որոշ հասարակական կազմակերպությունների անդամակցելով, որոնք առավել հայտնի են «որսորդ միություններ» անվամբ: Մեր ունեցած տվյալների համաձայն, այս մեխանիզմի գործարկման արդյունքում ստացվել է, որ Հայաստանում ներկայումս կան ավելի քան 35 հազար որսորդական զենք և որս կատարելու իրավունք ունեցող քաղաքացիներ, որոնք այդ հասարակական կազմակերպություններին անդամակցելու փաստի ուժով հանդիսանում են «որսորդներ» և իրավունք են ստանում ձեռք բերել մինչև 8 հատ որսորդական զենք (հինգ ողորկափող հրացան, որոշակի պայմաններ ապահովելու դեպքում ևս 3 ակոսավոր հրազեն): Ըստ էության, որսորդական կազմակերպություններում գրանցվելը դարձել է զենք ձեռք բերելու օրինականացված հիմք, ինչը լրացուցիչ մտահոգությունների առարկա է: Ավելին, նշված հասարակական կազմակերպությունները որևէ օրենքով վերապահված պատասխանատվություն չեն կրում իրենց անդամների անօրինական գործողությունների, տեսուչների նկատմամբ ագրեսիվ պահվածքի, «Որսորդական գործունեության» ընթացքում իրենց և ուրիշներին վնասելու բազմաթիվ դեպքերի համար, թեև այդ ՀԿ-ների կանոնադրական նպատակներում ամրագրված է իրենց անդամներին դասավանդելու և նմանօրինակ հարցեր: Գործնականում հենց այս կազմակերպություններն են իրենց անդամների համար ձեռք բերում և բաշխում «որսի կտրոնները», որոնք պրակտիկայում հաճախ կեղծվում են՝ գունավոր լուսապատճեններով կամ չեն պահպանվում կտրոններում նշված չափաքանակները: Վերոգրյալի վրա հիմնվելով հայտնում եմ, որ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինն առկա ռեսուրսներով իրատեսական չի համարում նման թվաքանակի զինված անձանց նկատմամբ արդյունավետ վերահսկողություն իրականացնելը: Հետևապես, առաջարկում եմ բացառել որսի թույլտվության տրամադրումը մինչև նշված հարցերի վերաբերյալ օրինական և ընդունելի լուծումներ գտնելը: Տեղեկացնում եմ նաև, որ հասարակական միավորումների նախաձեռնությամբ և ներգրավմամբ («Վայրի բնության և մշակութային հուշարձանների պահպանության», «Բնության համաշխարհային հիմնադրամ» և այլն) առաջարկվել է ստեղծել աշխատանքային խումբ՝ որսի հիմնախնդիրների, մասնավոր կենդանաբանական այգիների, կենդանիներից տիկ պատրաստելու և հանրային վայրերում տեղադրելու արատավոր պրակտիկայի օրինականության և առհասարակ վայրի կենդանիների պաշտպանության վերաբերյալ համապարփակ ուսումնասիրություններ կատարելու, օրենսդրական և ինստիտուցիոնալ բարեփոխումների առաջարկություններով հանդես գալու համար: Մենք պատրաստ ենք բոլոր ջանքերը ներդնել այս նախաձեռնության շրջանակներում արագ և ընդունելի լուծումներ գտնելու համար: Վստահաբար, այս աշխատանքային խմբում ցանկություն կունենան ներգրավվել նաև այլ կազմակերպություններ՝ այդ թվում որսորդությամբ զբաղվող հասարակական միավորումները»:

Նմանատիպ նյութեր