3787 դիտում
18:13 09-08-2018
Արտոնություններ են տրամադրվել հերթական ներդրումային ծրագրերին. կստեղծվեն նոր աշխատատեղեր
Կառավարությունը բավարարել է «Ռոք բերի» ՍՊԸ-ի ներկայացրած հայտը՝ գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում ներմուծված տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատման արտոնությունից օգտվելու համար:
Ընկերությունը ներմուծվող ապրանքներն օգտագործելու է ջերմոցային տնտեսության կառուցման համար։ Ծրագրի շրջանակում իրականացվելու է 2,6 մլրդ ՀՀ դրամի ներդրում։ Արդյունքում կստեղծվի 60 աշխատատեղ՝ 180 000 ՀՀ դրամ միջին աշխատավարձով։ Արտադրանքի ընդհանուր ծավալը տարեկան կկազմի մոտ 2 մլրդ ՀՀ դրամ, որի մի մասը՝ մոտ 0,2 մլրդ ՀՀ դրամի արտադրանքը կիրացվի ՀՀ տարածքում, մյուս մասը կարտահանվի ԵԱՏՄ անդամ-երկրներ:
Մաքսատուրքից ազատման արտոնությունից կօգտվի նաև «Արման ընդ պարտնյոր» ՍՊԸ-ն. կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում: Ընկերությունն ապրանքներն օգտագործվելու է սառնարանային պահեստների կառուցման համար։ Ծրագրի շրջանակում իրականացվելու է 10 մլն ԱՄՆ դոլարի ներդրում։ Նախատեսվում է ներդրումային ծրագրի շրջանակում ստեղծել 100 աշխատատեղ՝ 120 000 ՀՀ դրամ միջին աշխատավարձով։ Արտադրանքի ընդհանուր ծավալը տարեկան կկազմի 255,5 մլն ՀՀ դրամ, որի մի մասը կիրացվի ՀՀ տարածքում, մյուս մասը կարտահանվի:
Մեկ այլ որոշմամբ էլ «Սահլևս» ՍՊԸ-ին տրամադրվել է ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը երեք տարով հետաձգման արտոնություն: Ընկերությունը նախատեսում է իրականացնել ներդրումային ծրագիր, որի արդյունքում նախատեսում է ընդլայնել արդեն իսկ գործող կենցաղային կրակայրիչների արտադրամասը արտադրանքի համար անհրաժեշտ հումքով և նյութով։ Ներկայացված ներդրումային ծրագրի շրջանակում ընկերությունը մտադիր է կատարել ընդհանուր շուրջ 850 մլն ՀՀ դրամի չափով ներդրում: Արդյունքում կստեղծվի 90 նոր աշխատատեղ՝ 160 հազար ՀՀ դրամ միջին աշխատավարձով:
Գործադիրի որոշմամբ «Բոնվառոն» ՍՊԸ-ին տրամադրվել է «Մեղրի» ազատ տնտեսական գոտու տարածքում շահագործողի թույլտվություն՝ մշակող արդյունաբերության, առևտրի, լոգիստիկ ոլորտներում գործունեություն ծավալելու նպատակով: Ծրագրի ընթացքում արտահանման տարեկան ծավալները նախատեսված է 1 մլն ԱՄՆ դոլարից հասցնել 5,1 մլն ԱՄՆ դոլարի: Ընկերությունը նախատեսում է իրականացնել շուրջ 195 մլն ԱՄՆ դոլար ներդրումներ, կստեղծվի 102 նոր աշխատատեղ:
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը հայտնել է, որ այս երեք ամիսների ընթացքում մաքսատուրքից ազատման արտոնությունից օգտվելու համար հավանության է արժանացել ներդրումային 6 ծրագիր, ներդրումների ընդհանուր թիվը կազմել է 42 մլն դոլար, ներկրվող սարքավորումների ընդհանուր արժեքը կազմել է 12 մլրդ դրամ, իսկ ստեղծվող աշխատատեղերի թիվը՝ 609: Ըստ նախարարի՝ այս ընթացքում կառավարության հավանությանն է արժանացել ավելացված արժեքի հարկի՝ 3 տարով հետաձգման արտոնությունից օգտվելու 4 ծրագիր. նախատեսվող ներդրումները գնահատվում են 5,26 մլրդ դրամ, իսկ ստեղծվող աշխատատեղերի թիվը՝ 206:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով ընդունված որոշումներին, նշել է, որ վերջին շրջանում կան ահազանգեր, կարծիքներ, որ կառավարության որոշ շեշտադրումներից տնտեսությունը, տնտեսվարողները լարվում են: «Հակառակը, մենք դրական ազդակ ենք հղում բիզնեսին: Անշարժ գույքի շուկայում, շինարարության ոլորտում ակտիվություն ենք նկատում և մեր քաղաքականությունը լինելու է այդ ակտիվությունը խթանելը: Դրա համար տնտեսական քաղաքականության մեջ որևէ որոշում կայացնելիս 7 չափում ենք, մեկ կտրում ենք, որպեսզի այս խնդիրը լուծենք»,- ասել է վարչապետը:
Վարչապետն անդրադարձել է նաև Պետական եկամուտների կոմիտեի գործունեությանը: «Շատ են լինում ահազանգեր, որ վերահսկողությունը մեծացել է: Ընդհանուր առմամբ, մեր ուղերձն ի սկզբանե եղել է հստակ: Կարծում եմ՝ մեր կառավարությունը, և բոլորս այսօրվա Հայաստանում կարող ենք ակնկալել, որ յուրաքանչյուր քաղաքացի ինքն իր համար ի սկզբանե որդեգրում է օրինապահ քաղաքականություն, օրինապահ վարքագիծ: Եթե մեր օրենսդրությամբ սահմանված է, որ հաշվիչ դրամարկղային կտրոնները պետք է տրվեն, ուրեմն հաշվիչ դրամարկղային կտրոնները պետք է տրվեն: Եվ մեր քաղաքացիները պետք է վստահ լինեն, որ այդ գումարները, որ նրանք վճարում են պետբյուջե, արդյունավետ կերպով են ծախսվում: Մեր քաղաքականությունը պետք է լինի ոչ թե պատժող, այլ մենք պետք է մեր քաղաքացիների հետ երկխոսությունը շարունակենք, որպեսզի բոլորս մեր գործողություններում առաջնորդվենք օրինականության առաջնահերթությամբ: Ի վերջո, օրինականությունը պահպանելը մեզնից յուրաքանչյուրի առաջնային պարտավորությունն է և հույս ունեմ, որ մենք այս ճանապարհով կգնանք»,-նշել է վարչապետը:
Նիիկոլ Փաշինյանը գոհունակությամբ ընդգծել է նաև, որ ԱՎԾ տվյալներով՝ տնտեսական ակտիվության բավականին բարձր ցուցանիշ է արձանագրվել: «Այս ցուցանիշները դրական են հատկապես այն առումով, որ ընդունված է կարծել, որ քաղաքական այսպիսի փոփոխություններից հետո սովորաբար տնտեսությունը, տնտեսական ակտիվությունը կտրուկ անկում է ապրում, բայց, կարծում եմ, մեր հեղափոխությունն այս դեպքում էլ շատ կարևոր առանձնահատկություն գրանցեց»,- ասել է վարչապետը։ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ ԱՎԾ տվյալներով՝ հունիս ամսվա ընթացքում արձանագրվել է 9,6 տոկոս տնտեսական ակտիվության ցուցանիշ։ «Հայաստանի Հանրապետության կառավարությունը երաշխավորում է ներդրումների անվտանգությունը, այսինքն սա նշանակում է, որ որևէ ներդրում որևէ ձևով չի կարող վտանգի ենթարկվել, մի պայմանով, որ այն օրինական ներդրում է, այսինքն ապօրինի գործողության որևէ հետք չկա:
Ցանկացած ներդրում և ներդրող ազատ է որևէ կոռուպցիոն պարտավորությունից: Այսինքն՝ եթե կլինի որևէ դրսևորում, ապա կառավարությունը և իրավապահ մարմինները արագ այդ խնդիրը պետք է լուծեն և պատասխանատվության ենթարկեն բոլոր նրանց, ովքեր որևէ ներդրողի նկատմամբ փորձում են կոռուպցիոն որևէ դրսևորում իրականացնել: Մենք պետք է խոստովանենք, որ այս պահին դեռևս լիարժեք չենք ստեղծել բիզնեսի հետ երկխոսության խողովակները և գործարկել, բայց սա մեր գաղափարախոսությունն է և այդ խնդիրը պետք է լուծենք:
Հաջորդ՝ ամենակարևոր խնդիրը աշխատանքի քարոզչությունն է և աշխատանքի կարևորության ընդգծումը: Սա չափազանց կարևոր շեշտադրում է, մանավանդ, այսօր: Ի վերջո երկար տարիներ խոսվել է այն մասին, որ տնտեսական գործունեության հնարավորությունները սահմանափակվել են, շուկաների հասանելիությունը սահմանափակ է և այլն, և այլն, որ որևէ տնտեսական գործունեություն ծավալելու համար պետք է ինչ որ մարդու կամ մարդկանց թույլտվություն լինի և այդպես շարունակ: Այսօր բոլոր այս խոչընդոտները վերացված են և այսօր խնդիրը տեղափոխվել է աշխատանքի դաշտ, ստեղծագործության դաշտ, մտքի դաշտ:
ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու, ցանկացած պոտենցիալ ներդրողի ուզում եմ ուղղել հետևյալ ուղերձը. Հայաստանը մի երկիր է, որտեղ հետևողական, գրագետ, կազմակերպված աշխատանքով կարելի է հասնել լրջագույն արդյունքների և կառավարությունն իրենից կախված ամեն ինչ կանի և անում է, որպեսզի աշխատանքի համար նպաստավոր, օրենքի առաջ բոլորի հավասարության դաշտն ապահովվի: Արձանագրված ցուցանիշներին հույս ուենք նոր լիցք, նոր էներգիա հաղորդել, որպեսզի հասնենք նրան, ինչը մեր կառավարության ծրագրում գրել ենք: Խոսքը՝ ներառական տնտեսական աճի մասին է, այնպիսի աճի մասին, որի ազդեցությունն իրենց վրա անմիջականորեն կզգան հնարավորինս մեծ թվով մարդիկ և ի վերջո ՀՀ բոլոր բնակիչները, բոլոր քաղաքացիները»,- ընդգծել է վարչապետը:
Կառավարության այսօրվա նիստի օրակարգից հանվել է 24-րդ հարցը. նախագծով առաջարկվում էր լրացումներ և փոփոխություններ է կատարել նախկինում ընդունած որոշման մեջ, որով «Արմօյլ» ՓԲԸ թույլատրվել է ներդրումային ծրագրի շրջանակում ներմուծված սարքավորումների ԱԱՀ-ն հետաձգել 3 տարի ժամկետով: Ներկայումս առաջացել է ներմուծվող ապրանքների ցանկի փոփոխման և լրացման անհրաժեշտություն: Ընկերությունը նախատեսում է կառուցել նավթամթերքի վերամշակման գործարան: Արծվիկ Մինասյանը նշել է, որ գործարանը զբաղվելու էլ ոչ թե նավթի, այլ նավթամթերքի վերամշակմամբ. «Այն արտադրելու է բարձրորակ ավտոյուղեր և բիտում»,- ասել է նախարարը: Կառավարությունը որոշման ընդունումը հետաձգել է մեկ շաբաթով՝ ընկերության բնապահպանական խնդիրները քննարկելու նպատակով:
Նմանատիպ նյութեր
4535 դիտում
22:12 02-06-2016
Աջակցություն հերթական ներդրումային ծրագրերին. կստեղծվեն նոր աշխատատեղեր
1841 դիտում
15:01 14-03-2019
Արտոնություններ են տրամադրվել հերթական ներդրումային ծրագրերին
2714 դիտում
15:27 23-02-2017
Կառավարությունը խրախուսել է հերթական ներդրումային ծրագրերը. կստեղծվեն նոր աշխատատեղեր
Այս բաժնից
856 դիտում
20:32 26-12-2024
ՄԻ պաշտպանության ոլորտը Արդարադատության նախարարության համար ռազմավարական ուղղություններից է․ Գալյան
688 դիտում
20:19 26-12-2024
Հայաստանի և Ճապոնիայի միջև եկամուտների կրկնակի հարկումը բացառող կոնվենցիա է ստորագրվել
898 դիտում
19:50 26-12-2024
Տեղի է ունեցել պաշտպանության նախարարի տարեվերջյան հանդիպումը ԶԼՄ մի շարք ներկայացուցիչների հետ